Երկու նոր ուսումնական մոդուլ` քաղաքացիական ծառայողների պարտադիր վերապատրաստման դասընթացների ծրագրերում

0
167

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը ոչ միայն սոցիալական ոլորտին վերաբերող գիտահետազոտական գործունեություն է իրականացնում, այլև անցկացնում է պարտադիր վերապատրաստման դասընթացներ սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքացիական ծառայողների համար:
Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը վերապատրաստման ընթացքում գիտելիքներ է հաղորդում, ներկայացնում ոլորտի դերը, օրենսդրությունը, ինպես նաև ուսուցանում կառավարչական հմտություններ:
Թեպետ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից կատարվել է մեծածավալ աշխատանք «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով հաստատագրված դրույթները և նորմերը քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ուսումնական ծրագրերում լուսաբանելու նպատակով, սակայն պարբերաբար առաջանում է վերապատրաստման դասընթացների ծրագրերը ժամանակին համահունչ նոր բաղադրիչներով հարստացնելու, առավել արդիական դարձնելու անհրաժեշտությունը:
Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում, «Գենդերը և քաղաքականությունը Հարավային Կովկասում» և «Մարդու իրավունքների պաշտպանություն, խթանում և կրթություն» ծրագրերով մշակել է «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցեր» և «Գենդերային հիմնահարցեր» թեմաներով ուսումնական մոդուլները: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2008թվականի հուլիսի 8-ին 566-Ա և թիվ 567-Ա որոշումներով այդ մոդուլները ներառվել են քաղաքացիական ծառայողների պարտադիր վերապատրաստման ծրագրերի ցանկում: Նշյալ ծրագրերի հիմնական առաքելությունը այս երկու ոլորտների վերաբերյալ քաղաքացիական ծառայողների իրազեկության բարձացումն է:
Մարդու իրավունքների ուսումնական մոդուլի ներառումը քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացների ծրագրերում հնարավորություն կտա.

  • ծանոթացնելու քաղաքացիական ծառայողներին մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից տեսությունների հիմնական հասկացություններին, մոտեցումներին և հայեցակարգերին և դրանց կիրառման մեխանիզմներին,
  • նպաստելու քաղաքացիական ծառայողների շրջանում մարդու իրավունքների մասին ամբողջական համակարգված պատկերացման զարգացմանը` ելնելով տեսական կառուցակարգերից և նորամուծական մոտեցումներից,
  • ուսումնասիրելու հասարակության մեջ մարդու իրավունքների ոտնահարման դրսևորումները, դրանց պատճառները և հաղթահարման ուղիները,
  • քաղաքականության և օրենսդրության մշակման գործընթացներում հաշվի առնելու մարդու իրավունքների վերաբերյալ ժամանակակից մոտեցումները:

Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացներում գենդերային ուսումնական մոդուլի ներառումը կնպաստի քաղաքացիական ծառայողների գենդերային զգայունության ձևավորմանը, նրանց իրազեկության և պետական կառավարման համակարգում ընդունվող որոշումների որակի բարձրացմանը:
Գենդերային իրազեկության բարձրացումը հնարավորություն կտա քաղաքացիական ծառայողներին`

  • որոշումների ընդունման գործընթացներում կանխատեսել կանանց և տղամարդկանց համար դրանց տարբեր ազդեցությունները,
  • հաշվառել գենդերային մոտեցումը պետական քաղաքականության և օրենսդրության մշակման գործընթացներում,
  • նպաստել գենդերային կարծրատիպերի հաղթահարման միջոցով խտրական պրակտիկաների կանխարգելմանը:

Կարևորելով մշակված ուսումնական մոդուլների փորձարկումը քաղաքացիական ծառայողների պարտադիր վերապատրաստման ուսումնական ծրագրերում, ս.թ. հուլիսի 21-ից 25-ը Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2008 թվականի հուլիսի 8-ի N 566-Ա և N 567-Ա որոշումներով հաստատված ծրագրերով, առաջին անգամ հանրապետությունում, իրականացվել է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացներ: