Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական պարագաների տրամադրման կարգի փոփոխությունները և ոլորտի բարեփոխումները

0
163

Պրոթեզարանի փակման խնդիր դրված չէ, մտահոգությունները, թե այս կամ այն պրոթեզարանը կդադարեցնի աշխատանքը, տեղին չեն: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը:

Նա անդրադարձել է վերջին օրերին մամուլում շրջանառվող այն դիտարկումներին, ըստ որոնց, նախարարության կողմից հայտարարված մրցույթում հաղթել է «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն, արդյունքում, դուրս է մնացել գերմանական «Ինտերօրթո» ՍՊԸ-ն, որը երկար տարիներ ծառայություններ է մատուցել հաշմանդամություն ունեցող անձանց:

Ըստ պաշտոնյայի՝ մրցույթը դեռ չի ավարտվել, և հայտնի չէ, թե որ ծառայությունների մասով որ ընկերության հետ է կնքվելու պայմանագիր: Դա պարզ կդառնա փետրվարի 6-ին:

«Չհաղթող կազմակերպություն չի լինելու, երկուսն էլ տարբեր չափաբաժիններով հաղթող են լինելու: Ասենք` վերին վերջույթի պրոթեզավորման մասով մեկ կազմակերպությունը կարող է հաղթել, ստորին վերջույթի մասով`մեկ այլ: Նորից եմ ասում, չկա չհաղթող կազմակերպություն, եթե, իհարկե, այդ կազմակերպությունները համապատասխանում են սահմանված չափանիշներին»,- ասել է Արթուր Կեսոյանը:

«Մենք տարբեր ուսումնասիրություններով, մոնիթորինգ անելով`փորձել ենք նոր չափանիշներ սահմանել: Վերլուծելով բոլոր առաջարկությունները, աշխատելով հասարակական կազմակերպությունների հետ, հարցը քննարկելով այդ նույն պրոթեզարանների հետ, եկել ենք եզրահանգման, որ 2018 թվականից պրոթեզները տրամադրվեն միջազգային` այն է ISO 13485 չափանիշին համապատասխան: Այսինքն` պրոթեզները լինելու են բարձր որակի»,- նշել է վարչության պետը:

Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, թե «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն չի մատուցի որակյալ ծառայություն, ինչպես անում էր «Ինտերօրթո» ՍՊԸ-ն, Արթուր Կեսոյանը վստահեցրել է, որ միջազգային չափանիշները հստակ սահմանված են և եթե մրցույթին մասնակցող կազմակերպությունը դրանց չի համապատասխանի, ապա վերջինիս հետ պայմանագիր չի կնքվի:

«Եթե մրցույթին մասնակցած կազմակերպության ծառայությունները չեն համապատասխանի միջազգային ISO չափանիշներին, ապա ոչ միայն պայմանագիր չի կնքվի, այլև այդ կազմակերպությունը կհայտնվի սև ցուցակում և հետագա մի քանի տարիներին իրավունք չի ունենա մասնակցել նախարարության հայտարարած մրցույթին: Վստահեցնում ենք՝ չենք թույլ տալու անորակ դետալներ, անորակ աշխատանք»,- ընդգծել է Արթուր Կեսոյանը:

Հանդիպման ընթացքում Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետը անդրադարձել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական պարագաներ և օժանդակ միջոցներ տրամադրելու գործընթացում կատարված փոփոխություններին:

Նա մասնավորապես նշել է, որ գործընթացը փուլ առ փուլ տանում է դեպի հավաստագրերով պարագաների տրամադրմանը:

«Ներկայում  հավաստագրերով տրամադրվում են սայլակներ, լսողական սարքեր: Նախկինում մրցութային կարգով հաղթող կազմակերպությունը ներկայացնում էր 6-7 տեսակ ապրանք: Հաշմանդամություն ունեցող անձը ընտրություն էր կատարում այդ 6-7-ից: 2017 թվականից փոխվեց կարգն ամբողջությամբ: Այժմ նախարարությունը պայմանագիր է կնքել 5 կազմակերպության հետ, և հաշմանդամություն ունեցող անձը հնարավորություն ունի ընտրություն կատարել 63 տեսակի պարագայից: Դա նշանակում է, որ անձը կարող է ընտրել այն սայլակը, որն իր կարիքներին համապատասխանում է»,- ասել է Արթուր Կեսոյանը:

Հաշմանդամություն ունեցող անձին տրվում է հավաստագիրը, նաև հուշաթերթիկ, որը  վերաբերում է հաշմանդամի սայլակների տեսակներին և դրանց ընտրության ցուցումներին: Քաղաքացին այցելում է նախարարության հետ պայմանագիր կնքած որևէ կազմակերպություն և ընտրում իր համար հարմար օժանդակ պարագաներ: Արթուր Կեսոյանը տեղեկացրել է նաև, որ տվյալ կազմակերպությունները պարտադիր պետք է ունենան համապատասխան որակավորում անցած մասնագետներ, որոնք նաև հաշմանդամություն ունեցող անձին ուղղություն կտան պարագաներն ընտրելու հարցում:

Նախարարությունը պարտադիր պայման է սահմանել, ըստ որի, պայմանագիր կնքող կազմակերպությունը պետք է մարզերում ունենա ներկայացուցչություն կամ սպասարկման կետ: Նպատակն այն է, որ ծառայությունները լինեն ավելի մատչելի, որակյալ, հասցեական և հասանելի: Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ Հայկ Մկրտչյանը նշել է, որ կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրում պարտադիր պայման է նաև նրանց մատչելիությունը:

«Փոփոխություններ՝ հաշմանդամներին վերականգնողական պարագաներ և օժանդակ միջոցներ տրամադրելու գործընթացում Պայմանագրային պարտադիր կետ դարձավ տվյալ կազմակերպությունների շենքային պայմանների մատչելիությունը»,- նշել է Հայկ Մկրտչյանը:

Ոլորտի մասնագետների պնդմամբ հավաստագրերով այլ պարագաներ տրամադրելու գործընթացը շարունակվելու է: Նշենք, որ վերականգնողական պարագաներ և օժանդակ միջոցներ տրամադրվում են պետական բյուջեի հաշվին, տարեկան 12-13 հազար հատ` 6-7 հազար հաշմանդամություն ունեցող անձի: