Հաստատվեց ամսական 25000 դրամ այլ բանկային հաշվի փոխանցելու միջոցով ընտանեկան դրամագլուխը տնօրինելու մասին որոշումը

0
288

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ  ՀՀ կառավարության 06.03.2018թ. նիստում  ընդունվել է  նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո ընտանեկան դրամագլխից ամսական բանկային փոխանցումներ կատարելու միջոցով ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգը սահմանելու մասին որոշումը:

Ընտանեկան դրամագլխից ծնողը կարող է գումար փոխանցել ցանկացած բանկային հաշվի` բայց ոչ ավելի, քան ամսական 25000 ՀՀ դրամ:

Նշված գումարը տնօրինելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող ծնողը բանկին ներկայացնում է դիմում: Բանկը դիմումի հիման վրա ընտանեկան դրամագլխից գումարը փոխանցում է դիմողի կողմից ներկայացրած բանկային հաշվին: Ընդ որում, ըստ դիմողի ցանկության, 1 դիմումով կարելի է կատարել պարբերական փոխանցումներ՝ դիմումը ներկայացնելու ամսվան հաջորդող ամիսների համար:

Ընտանեկան դրամագլխի գումարը ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով տնօրինելու ժամկետը սահմանվել է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:

Համաձայն գործող կարգի՝ ընտանեկան դրամագլուխը կարող է օգտագործվել նաև.

1) հիփոթեքային վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար,

2) նոր ծնված երեխայի ծնողների, քույրերի և եղբայրների ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար.

3) սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար,

4) հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային գյուղական բնակավայրերում անշարժ գույք (այդ թվում՝ բնակելի տուն) ձեռք բերելու համար: