Տեղի է ունեցել հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

0
147

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ մարտի 23-ին տեղի է ունեցել հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը:

Նիստի օրակարգի հաստատումից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ներկայացված նախագծով առաջարկվում են աշխատանքային հարաբերությունների կարգավորման առավել արդյունավետ մեխանիզմներ աշխատանքային հարաբերությունների կողմերի համար՝ հիմնված երկուստեք փոխհամաձայնության և փոխշահավետ լուծումների վրա: Աշխատանքային հարաբերությունների կարգավորման ճկուն հիմքեր են նախատեսվում հատկապես փոքր բիզնեսով զբաղվող գործատուների համար:

Կատարված փոփոխություններով հստակեցվել են նախագծի բազմաթիվ դրույթներ. նախատեսվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված բացառիկ դեպքերում գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքի հնարավորությունից բացի, կողմերի համաձայնությամբ արտաժամյա աշխատանք կիրառելու հնարավորություն, վերացնել արտաժամյա, գիշերային, ծանր, վնասակար և առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքների համար հավելումների կոշտ կարգավորումները (նվազագույն շեմերը)՝ այդ չափերի սահմանումը վերապահելով կողմերին, ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգավորումներին և սահմանափակումներին համապատասխան ամենամյա արձակուրդի իրավունքը չիրացնելու դեպքում գործատուի կողմից աշխատողին տուժանքի վճարում, աշխատանքային հարաբերություններում խտրականության արգելման շրջանակների, հարկադիր կամ պարտադիր աշխատանքի հասկացության սահմանում և այլ կարգավորումներ:

Ըստ բանախոսի Նախագծի ընդունմամբ ակնկալվում է աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների պարզեցում, աշխատանքային հարաբերությունների ձևավորման, փոփոխման և դադարման նոր ճկուն հիմքերի ապահովում՝ հատկապես գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի առանձին դրույթներին Օրենսգրքի պահանջների համապատասխանեցում:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր «Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայողի օրը նշելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին, որը նախատեսում է հունիսի 23-ը նշել որպես հանրային ծառայողի օր: Առաջարկը ներկայացվել էր ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից: Որոշման նախագիծը հավանության է արժանացել եռակողմ հանձնաժողովի նիստում և որոշվել այն սահմանված կարգով դնել շրջանառության մեջ և ներկայացնել ՀՀ կառավարություն:

Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, գործընկեր կողմերի, նախարարության ներկայացուցիչներ:

 

 

 

 

 

 

 

 

,