Մարտի 23-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին է ներկայացվել Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 2017թ. ընթացքում կատարված աշխատանքի վերլուծությունը:
Գործակալության 2017թ. գործունեության վերլուծությունը ներկայացրել է ԲՍՓ գործակալության պետի տեղակալ Նունե Շահվերդյանը:
Ըստ ներկայացված հաշվետվության՝ հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգում հաշվառված է 193.432 հաշմանդամություն ունեցող անձ, որը կազմում է ՀՀ բնակչության 6.5%: Նրանցից 146.455 հաշմանդամությունը սահմանվել է անժամկետ (75,7%), «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեն 8.233 (4,2%), 18-ից մինչև 40 տարեկան` 24.305 (12,6%), 40-ից մինչև կենսաթոշակային տարիքի` 88.999 (46,0%), կենսաթոշակային տարիքի և բարձր` 71.895 (37,2%): ՀՀ-ում բժշկասոցիալական փորձաքննություն իրականացրել է 21 ԲՍՓՀ, 2017թ. ընթացքում հարուցվել է 65.088 վարչական վարույթ, խմբորոշման նպատակով փորձաքննվածները կազմել են 61.199 անձ:
Նունե Շահվերդյանը ներկայացրել է նաև ոլորտում արձանագրված դրական միտումները, ըստ նրա, առաջին անգամ հաշմանդամ ճանաչվածների թիվը նվազել է, նվազել է վերափորձաքննվածների թվաքանակը, վերափորձաքննվածներից հաշմանդամ ճանաչվածների թվաքանակը, հաշմանդամ ճանաչվածների մեջ նվազել է ծանր հաշմանդամության խմբերի տեսակարար կշիռը, վերափորձաքննված հաշմանդամների մեջ՝ ծանր հաշմանդամության խմբերը:
Ըստ պաշտոնյայի, նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները՝ նախարարի կողմից տրված հանձնարարականի համաձայն նախատեսվում է մարզերում և Երևան քաղաքում կազմակերպել սեմինարներ, քննարկումներ, գործառույթն իրականացնելու համար պատրաստել օրակարգի նյութերը և ժամանակացույցը, իրականացնել կլոր սեղաններ, քննարկումներ առողջապահական կազմակերպությունների մասնակցությամբ, կազմակերպել հանդիպումներ առողջապահական կազմակերպությունների մասնագետների հետ բժիշկ-փորձագետների տվյալների շտեմարանում գրանցման իրազեկման նպատակով, կազմակերպել հանդիպում Երևանի պետական բժշկական համալսարանի ղեկավարության հետ հետբուհական ուսուցման շրջանակներում բժիշկ-փորձագետների պատրաստման և վերապատրաստման աշխատանքներ իրականացնելու համար, նվազել է վերափորձաքննության արդյունքում հաշմանդամության խմբերի ծանրացումը:
Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը, ԲՍՓՀ-ի տարածքային նախագահներ, գործակալության այլ աշխատակիցներ:
Նախարար Արտեմ Ասատրյանը հանդիպման ավարտին ԲՍՓ գործակալության պետի տեղակալին և աշխատակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ՝ ԲՍՓ ոլորտի բարեփոխումների վերաբերյալ: