Մարտի 28-ին ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումների շրջանակներում քննարկվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Բացման խոսքում ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը կարևորել է օրենքի ընդունումից առաջ շահագրգիռ կողմերից ունենալ կարծիքներ և առաջարկություններ և խնդրել դրանք փոխանցել հանձնաժողովի աշխատակազմ, որտեղ երկրորդ ընթերցումից առաջ, հանձնաժողովի առաջիկա նիստում, դրանք կուսումնասիրվեն և անհրաժեշտության դեպքում կներառվեն օրենքի նախագծում:
«Խնդիրը, որը քննարկվում է, յուրաքանչյուրիս խնդիրն է, ամբողջ հասարակության խնդիրն է, որպեսզի կարողանանք ապահովել հավասար հնարավորություններ և մատչելիություն հաշմանդամություն ունեցող անձանց համար»,- ասել է Հակոբ Հակոբյանը:
Նախարար Արտեմ Ասատրյանը ողջունել է ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի ՝օրենքի նախագծի շուրջ խորհրդարանական լսումներ կազմակերպելու նախաձեռնությունը՝ նշելով, որ օրենքի վերջնական նախագիծը ընդունելուց առաջ պետք է վստահ լինել, որ բոլոր խնդիրներն ու հարցադրումները, որոնք այս ժամանակահատվածում բարձրացվել են գործընկերների՝ պետական կառավարման մարմինների և Մարդու իրավունքի պաշտպանի աշխատակազմի, հասարակական և միջազգային կազմակերպությունների կողմից, կներառվեն նախագծում:
«Կարծում եմ, առաջին ընթերցման շրջանակներում դրվել էր մի նախագիծ, որտեղ մասամբ կամ ամբողջությամբ ներառված են եղել բոլորին հուզող այն հիմնական խնդիրները, որոնք փորձելու ենք համատեղ ուժերով առաջիկա տարիներին լուծել մեր երկրում: Մենք պատրաստ ենք կրկին անգամ քննարկել բոլոր այն առաջարկությունները, որոնք էլ ավելի կլավացնեն օրենքի նախագիծը ու ավելի առարկայական կդարձնեն մեր ցանկությունները լուծումների առումով»,- ասել է նախարարը:
Արտեմ Ասատրյանի խոսքով՝ օրենքի նախագիծը կառուցված է այնպես, որ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո, գործիքակազմը առաջիկա տարիներին ապահովի հավասար հնարավորությունների ստեղծումը մեր երկրում, ինչպես նաև տրված է համալիր ծրագրի գաղափարները, որոնք յուրաքանչյուր տարի բոլոր շահագրգիռ կողմերի քննարկումների արդյունքում ներկայացվելու է ՀՀ Ազգային Ժողով և ներառվելու է ՀՀ պետական բյուջեի օրենքում:
«Շատ կարևոր է, որպեսզի համատեղ որոշում ընդունենք, թե որոնք են այն առաջնահերթությունները, և որոնք են այն կարևորագույն խնդիրները, որ մեր հնարավորությունների շրջանակներում պիտի լուծումներ տանք և դրանք ամրագրենք համապատասխան ծրագրերում: Կարևորում եմ նաև հետադարձ կապի մեխանիզմը, որը ներառված է օրենքի նախագծում և նաև անկախ մեխանիզմը, որը՝ ի դեմս Մարդու իրավունքների պաշտպանի, ամրագրված է օրենքի նախագծում: Կարծում եմ, որ մեր բոլոր գործընկերները կհամաձայնեն մեզ հետ, որ մեր բոլորի ջանքերի ներդրման շնորհիվ է միայն հնարավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար ՀՀ-ում ստեղծել հավասար հնարավորություններ, հավասար պայմաններ»,- ընդգծել է նախարարը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր հերթին նույնպես կարևորել է լսումների նախաձեռնությունը և քննարկմանը հրավիրված մասնակիցների շրջանակը: «Ուրախ եմ, որ այստեղ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ են ներկա, ովքեր պատասխանատու են այս հարցի համար և ևս մեկ անգամ ընդգծում է այն կարևորությունը, որ երկրի խորհրդարանն է տալիս այս հարցին: Այս համատեքստում չափազանց կարևոր է նաև քաղաքացիական հասարակության վերաբերմունքը»,- նշել է Արման Թաթոյանը:
Բացման ելույթներից հետո նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը ներկայացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնական դրույթները՝ նշելով, որ Օրենքի նախագծով հստակ սահմանված են տարբեր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ուղղությամբ կոնկրետ գործողությունները:
«Ցավոք, կա կարծրատիպ՝ մատչելիություն ասելով հասկանում ենք բացառապես թեքահարթակներ, լայն դռներով վերելակներ և սենյակներ: Այս առումով ֆիզիկական միջավայրի մատչելիությունը տարանջատված է տեղեկատվական և հաղորդակցական մատչելիությունից: Նախագծում հստակ սահմանված է այն գործիքակազմը, որի միջոցով ապահովվելու են այդ մատչելիությունն ու իրականացումը»,- ասել է Սմբատ Սաիյանը:
Ըստ պաշտոնյայի, ֆիզիկական միջավայրի մատչելիություն ապահովող ընդհանուր պահանջները, կանոնները սահմանելու է քաղաքաշինության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմինը, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը նպաստող տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությունն ապահով ընդհանուր պահանջները՝ կապի և տեղեկատվական ոլորտում համապատասխան մարմինները:
Օրենքում ամրագրված է, որ արդեն իսկ շահագործման հանձնված և համընդհանուր դիզայնի պահանջներին չբավարարող կամ հաշմանդամություն ունեցող անձանց համար խոչընդոտներ ունեցող շինություններում պետք է իրականացվեն հարմարեցումներ:
«Հնարավոր չէ բոլոր շինությունները մեկ օրում դարձնել մատչելի, դրա համար շենքերը հնարավորինս կենթարկվեն խելամիտ հարմարեցումների: Տրանսպորտային համակարգի հետ կապված ևս նախատեսվում է համապատասխան հարմարեցման ծրագրի մշակում և իրականացում: Նախատեսվում է, որ տրանսպորտային ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար կսահմանվի նվազագույն տրանսպորտային միջոցների քանակ, որոնք պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար»,- ընդգծել է նախարարի տեղակալը:
Ելույթների ավարտից հետո պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկներն և մտահոգությունները, որոնք առաջիկա ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կդրվեն քննարկման:
Խորհրդարանական լսումների կազմակերպմանն աջակցել է «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունը: