Ապրիլի 26-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանի մոտ տեղի է ունեցել հանրային կառավարման ոլորտում երիտասարդ և բանիմաց մասնագետների ներգրավման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:
Հանդիպման շրջանակներում քննարկվել է «Նորավարտները պետական համակարգում» փորձնական ծրագրի նախագիծը: Աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են մի շարք առաջարկություններ` ուղղված նախագծի լրամշակման արդյունքում նորավարտների պետական համակարգ մուտք գործելու ընթացակարգերի դյուրացմանն ու արդյունավետ մեխանիզմների ներդրմանը:
Մասնավորապես քննարկվել են պետական համակարգում երիտասարդների աշխատանքային փորձի ձեռք բերման, պետական համակարգում աշխատողների կողմից նորավարտներին մասնագիտական փորձի փոխանցման առանձնահատկությունները, երիտասարդների՝ պետական համակարգ մուտք գործելու հնարավոր խթանիչ մեխանիզմները և այլ հարցեր:
Քննարկվել է նաև նախագիծը հանրային ծառայության բարեփոխումների շրջանակներում 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համատեքստում լրամշակելու անհրաժեշտության հարցը: