Ապրիլի 27-ին տեղի է ունեցել երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումների ընթացքի մասնակցային գնահատման արդյունքների քննարկում։
Աշխատանքային քննարկումը վարում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը, որպես «Երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումները մշտադիտարկելու, ուսումնասիրելու և վերհանված խնդիրներին արձագանքելու բնագավառում կառավարության կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի համակարգող։
Բացման խոսքում տիկին Հարությունյանը ընդգծել է, որ այս շարունակական գործընթացը հնարավորություն է տալիս բարեփոխումներում ներգրավված բոլոր կողմերին խորությամբ ճանաչելու գործընթացները և դուրս բերելու համակարգի ուժեղ և թույլ կողմերը, նախանշելու երեխաներին մատուցվող ծառայությունների զարգացման ուղղությունները։
Աշխատանքային քննարկման օրակարգով մասնակիցներին ներկայացվել է մասնակցային գնահատման հիմնական արդյունքներն ըստ երեխայի՝ այլընտրանքային խնամքի համակարգի բաղադրիչների և քննարկման արդյունքում դուրս բերված 54 խումբ առաջարկությունները, որոնք վերաբերում էին համակարգի օրենսդրական դաշտին, ծառայությունների մատուցմանը, կադրերին, մշտադիտարկման և գնահատման համակարգին և հանրային իրազեկվածության հարցերին։
Քննարկման ընթացքում մասնակիցները խմբավորել են դուրս բերված առաջարկությունները՝ տալով առաջնահերթություններ միջոցառման ծրագրի մշակման համար և նախանշել կոնկրետ քայլեր, համագործակցության շրջանակներ։
Եզրափակելով քննարկման արդյունքները՝ տիկին Հարությունյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին արդյունավետ աշխատանքի համար և ընդգծել, որ այս ծրագրի լավագույն արդյունքներից մեկը ոլորտին առնչվող մասնագետներից, սրտացավ մարդկանցից ձևավորված թիմն է, որը կարողանում է համատեղ քննարկումներով, միմյանց փորձը լրացնելով հանգել կարևոր եզրակացությունների։ Նախարարի տեղակալը նշել է նաև, որ ծրագրի շրջանակներում մշակվող միջոցառումների ծրագիրը և հատկապես համակարգի մշտադիտարկման ցուցանիշների մշակումը կարևոր է որոշում կայացնողների համար ժամանակին, ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու և իրազեկված քաղաքականություն մշակելու տեսանկյունից։
Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին աշխատանքային խմբի անդամները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, ՀՀ արդարադատության նախարարությունից, Հայ օգնության ֆոնդի Երեխայի աջակցության կետրոնից, ՅՈՒՆԻՍԵՖԻ Հայաստանի գրասենյակից և ԱՄՆ ՄԶԳ-ից, ինչպես նաև ծրագրի աշխատանքներում և բարեփոխումներում մեծ դերակատարում ունեցող միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչները։