Սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ։
Աշխատանքը մեր ժողովրդի համար ազգային առաձնահատկություն, կենսակերպ և հասարակության բարօրության ու զարգացման հիմնական միջոցն է:
Աշխատանքը յուրաքանչյուր պետության կայացման հիմնաքարն է և բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծման երաշխիքի գրավականը:
Այո, այսօր դեռ պետության առջև ծառացած են զբաղվածության, աշխատանքի ապահովման խնդիրները, կան պատասխանի սպասող բազում հարցեր: Դրանց լուծումը ոլորտում իրականացվող բարեփոխումներն են, որոնց մեկնարկն ու շարունակությունը մեր պարտականությունն է:
ՀՀ կառավարությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում կայուն զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի կերտմանն ուղղված ծրագրերն ու նախագծերը: Ներկայում իրականացվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխություններ, որոնք միտված են աշխատող-գործատու հարաբերությունների առավել ճկուն կարգավորմանը, սոցիալական գործընկերության խթանմանը, ինչի արդյունքում մենք կունենանք աշխատանքային իրավունքների իրացման համար ձևավորված իրատեսական և լիարժեք հնարավորություններ:
Անելիքները շատ են, սակայն մենք չպետք է ընկրկենք դժվարությունների առջև, այլ պետք է մեր աշխատանքով, սեփական գիտելիքների, փորձառնության միջոցով մեր երկրում գտնենք բարիք ստեղծելու կարևորագույն ճանապարհը։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ Ձեր աշխատանքում: