Ներկայացվել են մշտադիտարկման և գնահատման աշխատանքների ընթացքն ու հետագա անելիքները

0
336

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ս.թ. մայիսի 22-ին ներկայացվել են սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի և բնակչությանը մատուցվող ծառայությունների մշտադիտարկման և գնահատման (ՄԳ) աշխատանքների ընթացքն ու հետագա անելիքները:

Ողջունելով աշխատանքային խմբի անդամներին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշել է, որ մշտադիտարկման և գնահատման համակարգի միջոցով ստացված տեղեկատվությունը հնարավորություն է տալու բարեփոխելու ոչ միայն նախարարության գործունեությունը, այլև սոցիալական պաշտպանության ոլորտն ամբողջությամբ:

«Համակարգի օգնությամբ ստացված տեղեկատվությունը պետք է լինի մատչելի, օգտագործելի և նպատակին ծառայող: Ոլորտում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բացառապես կախված է նրանից, թե մենք ինչպես կօգտագործենք այդ տեղեկատվությունը: Այն պետք է վեր ածել գործողության՝ ապահովագրելու մատուցվող ծառայությունների որակն ու մատչելիությունը»,- ընդգծել է նախարարը:

Այնուհետև, նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է մշտադիտարկման և գնահատման աշխատանքների ընթացքն ու հետագա անելիքները:

«Կարող եմ փաստել, որ ավարտվել են նախորդ տարվա ընթացքում նախատեսված  41 ծրագրի մշտադիտարկման և գնահատման աշխատանքները, որոնց արդյունքներով կազմվել են ամփոփ հաշվետվություններ, քննարկվել են բոլոր շահագրգիռ կողմերի հետ: ՄԳ իրականացման գործընթացում բնականաբար եղել են նաև դժվարություններ, մասնավորապես կապված ծրագրերի տվյալների հավաքագրման հետ, սակայն արձանագրվել են նաև առարկայական արդյունքներ՝ օրինակ, ՄԳ արդյունքներով ձևավորված առաջարկությունների և եզրակացությունների հիման վրա փոփոխություններ են կատարվել զբաղվածության ոլորտը կանոնակարգող իրավական ակտերում, «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ պայմանագրային հարաբերություններում և այլն:  Մշակվել է ՄԳ էլեկտրոնային համակարգի ներդրման տեխնիկական առաջարկը, որի ներդրումն էականորեն բարձրացնելու է ՄԳ գործընթացի արդյունավետությունը: Տարեսկզբից սկսվել է 35 ծրագրի մշտադիտարկման և գնահատման գործընթացը, որի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով համապատասխան հանձնարարականներ են տրվել մասնակից բոլոր կողմերին՝ տեղեկատվության հավաքագրման, շահառուների կարծիքի ուսումնասիրման, տվյալների վերլուծության և այլ ուղղություններով»,- իր խոսքում նշել է տիկին Հարությունյանը:

Ընթացքի մեջ են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամք և սպասարկում իրականացնող 22 ՊՈԱԿ-ների կողմից մատուցվող ծառայությունների և Ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման գործընթացի մշտադիտարկման և գնահատման աշխատանքները: Նախարարի տեղակալը հատկապես ընդգծել է, որ վերջինիս գնահատման ժամանակ կիրառվելու է նաև նոր գործիք՝ մասնակցային գնահատման սկզբունքով, որը մշակվել է MEASURE Evaluation ծրագրի շրջանակում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մշտադիտարկման և գնահատման աշխատանքների մեջ ներգրավված աշխատակիցների պարտականությունների, իրավասությունների, անհրաժեշտ գիտելիքների ու աշխատանքային ընթացակարգերի մեթոդական ուղեցույցի կազմման անհրաժեշտության հարցը և դրա կազմման մոտեցումները: Ուղեցույցում նկարագրվելու են ՄԳ իրականացման բոլոր փուլերը՝ ՄԳ գործիքակազմերի մշակման, ցուցանիշների հավաքագրման, դաշտային աշխատանքների կազմակերպման և իրականացման, վերլուծության և հաշվետվությունների կազմման և ներկայացման գործընթացները։

Մասնակիցների ուշադրությանն է ներկայացվել ՄԳ համակարգի գործառնությունն ապահովող իրավական փաստաթղթերի փոփոխությունների վերաբերյալ առաջարկների ձևաչափը. այն է՝ ՄԳ գործառույթը ամրագրող դրույթներ նախատեսել ինչպես գործող, այնպես էլ՝ մշակվող իրավական ակտերում:

Քննարկմանը մասնակցել են նախարարության ոլորտային պատասխանատուները, «Վիվատ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի փորձագետները, ՄԳ աշխատանքային խմբի անդամները: