Նախարար Մանե Թանդիլյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչային

0
165
????????????????????????????????????

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը մայիսի 23-ին ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչային: Հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ:

Շնորհավորելով նախարարին պատասխանատւ պաշտոնի նշանակման առիթով՝ տիկին Ռադոչայը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և մաղթել հաջողություններ ու ձեռքբերումներ: Նա մանրամասն ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված համատեղ աշխատանքներն ու ծրագրերը, ինչպես նաև արդյունքներն ու ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ:

«Պետք է փաստեմ, որ երեխաներին առնչվող բոլոր հիմնահարցերի շուրջ նախարարության և  ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև եղել է սերտ համագործակցություն և այս տարիների ընթացքում արձանագրել ենք լուրջ հաջողություններ: Պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ իրականացվող բարեփոխումների գործընթացում և օգնել ձեզ կատարելագործելու սոցիալական պաշտպանության ոլորտը»,- հավելել է տիկին Ռադոչայը:

Նախարար Մանե Թանդիլյանն, իր հերթին շնորհակալություն է հայտնել  ներկայացված կարևոր տեղեկատվության համար և նշել, որ արդեն իսկ ստեղծված համագործակցության եզրերը անհրաժեշտ է ընդլայնել նոր ձևաչափերով: Նա վերահաստատել է նախարարության պատրաստակամությունը էլ ավելի խթանելու ընթացիկ և նախատեսված ծրագրերը:

«Վստահ եմ, որ օգտագործելով միմյանց փորձառությունն ու կարողությունները մոտ ապագայում ոլորտում կարող ենք գրանցել լուրջ արդյունքներ՝ հիմքում ունենալով կառուցողական աշխատանքն ու երեխայի շահը»,- ընդգծել է նախարարը:

Հանդիպման ավարտին նախանշվել են հետագա անելիքներն ու ձեռք բերվել պայմանավորվածություններ երեխաների իրավունքների, սոցիալական պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտների բարեփոխումների շրջանակներում շարունակական աշխատանքերի և համագործակցության նոր ուղիների վերաբերյալ: