Նախարար Մանե Թանդիլյանը հանդիպել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ

0
150

ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը մայիսի  31-ին հանդիպել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Աստղիկ Մովսիսյանի և ներկայացուցիչ Գրիգորի Գրիգորյանցի հետ:

Շնորհավորելով նախարարին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս են հայտնել, որ սոցիալական աջակցության և երեխաների պաշտպանության ոլորտները նոր թափով կզարգանան:

Կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավարը հակիրճ ներկայացրել է իրենց կողմից իրականացվող հիմնական ռազմավարական ուղղությունները՝ երեխաների պաշտպանություն, ներառական կրթություն և երիտասարդության հիմնահարցեր: Երեխաների պաշտպանության ոլորտում մեծ դեր են ունեցել խնամքի և պաշտպանության հաստատությունների բեռնաթափման գործընթացը կազմակերպելու, խնամատար ընտանիքների ինստիտուտի կայացման հետ կապված օրենսդրական դաշտի կարգավորման գործում: «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության նախաձեռնությամբ նախորդ տարվա վերջում նախարարության, Հայկական Կարիտասի, Արմավիրի զարգացման կենտրոնի կողմից ստորագրվել է Համգործակցության հուշագիր, որի շրջանակներում մշակվում է նախարարության կողմից պատվիրակված սոցիալական ծառայությունների անձնագրերն ու որակի չափորոշիչները:

Անդրադարձ է կատարվել նաև Լոռու մարզի հաստատությունների վերակազմակերպման գործընթացին, ինտեգրված սոցիալական ծառայությունների բարեփոխումներին, մասնավորապես սոցիալական աշխատողների  և սոցիալական դեպք վարողների ինստիտուտի կայացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրվող ծառայությունները և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա խնդիրների լուծման գործընթացում միջգերատեսչական համագործակցության կարևորությունը:

Տիկին Թանդիլյանը շնորհակալություն է հայտնել ներկայացված տեղեկատվության և մտահոգությունների համար և  հավաստիացրել, որ իր համար շատ կարևոր են գործընկեր կազմակերպության մոտեցումները նշված հարցերի ու խնդիրների շուրջ: Նա կարևորել է հաշմանդամություն ունեցող երեխաների համայնքահեն ծառայությունների զարգացման, մասնագիտական կրթության և զբաղվածության, խոցելի երեխաների սոցիալական ներառման, ինչպես նաև ծնողավարման հմտությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

«Ես կարծում եմ, որ սերտ համագործակցության շնորհիվ ներկայացված խնդիրները կարող են լուծումներ ստանալ, քանի որ մենք նույն ուղղությամբ ենք նայում և տեսնում լուծման նույն ճանապարհները»,- հավելել է նախարարը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություններ են ձեռքբերվել քննարկված ոլորտներում համագործակցության հնարավորությունների և համատեղ աշխատանքների վերաբերյալ: