Սիրելի մանուկներ,
Իմ փոքրիկ բարեկամներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Ձեր անկեղծությամբ և անմիջականությամբ դուք ջերմացնում եք մարդկանց սրտերը՝ հրճվանքի ու գոհունակության պահեր պարգևելով ձեզ շրջապատողներին:
Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կառավարությունն ու երեխաների խնդիրներով զբաղվող բոլոր մարմինները իրենց գործելաոճով պետք է հետամուտ լինեն Ձեր սոցիալական իրավունքների պաշտպանությանը, առողջ, կրթված և ազատ սերունդ ունենալու գաղափարի իրականացմանը: Քանզի, դուք եք մեր հաջողությունների և ձեռքբերումների անմիջական շարունակողը և մեր երկրի ապագան:
Ուժեղ պետության հաջողությունը ուժեղ ընտանիքն է, հետևաբար ընտանիքների հնարավորությունների ու կարողությունների ուժեղացումը մեր գլխավոր առաքելություններից է, որպեսզի հատկապես սոցիալական խնդիրների կամ աղքատության պատճառով երեխաները չհայտնվեն ընտանիքից դուրս՝ խնամքի և պաշտպանության հաստատություններում: Մեր կողմից շարունակաբար պետք է իրականացվեն հասցեական ծրագրեր՝ լուծելու ինչպես ընտանիքներում ապրող, այնպես էլ խնամքի հաստատություններում խնամվող երեխաների խնդիրները՝ հնարավորություն ստեղծելով նրանց ինքնադրսևորմանն ու կայացմանը, որպես հասարակության լիիրավ անդամ:
Սիրելի մանուկներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ամառային ջերմ ու ուրախ տոնի կապակցությամբ և մաղթում անհոգ մանկություն և վառ տպավորություննեով լի օր:
Թող մեզ հաջողվի ապահովել իսկական մանկական երջանկություն ուժեղ ընտանիքներով՝ խաղաղ ու երջանիկ հայրենիքում և ձեր աչքերը փայլեն հեքիաթային ժպիտով: