Երեխաների պաշտպանության միջազգային օրը նախարարն այցելել է խնամքի և պաշտպանության հաստատություններ

0
179
????????????????????????????????????

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այցելել է համակարգում գործող երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններ:

Նախարարի առաջին այցը Գյումրի քաղաքի երեխաների հոգածության սոցիալական  կենտրոն էր, որտեղ իրականացվում է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված կամ հաշմանդամություն ունեցող 6-18 տարեկան երեխաների ցերեկային խնամքը՝ որն ըստ էության այդ երեխաներին ընտանիքում ապրելու իրավունքի իրականացման աջակցություն է:

Կենտրոնի սաները մեծ ուրախությամբ ու ոգևորվածությամբ ընդունել են նախարարին և հյուրերին՝ զարմացնելով իրենց գեղեցիկ կատարումներով, երգով ու պարով:

Շնորհավորելով երեխաներին օրվա առիթով՝ նախարարը մաղթել է առողջություն և  վառ տպավորություններով լի օր. «Ես այն մարդն եմ, ով ի պաշտոնե պարտավոր է պաշտպանել ձեր իրավունքները և անել ամեն ինչ, որ Ձեր երկրում ու պետության մեջ զգաք պաշտպանված ու սիրված: Դուք երջանիկ պետք է լինեք, իսկ մենք պարտավոր ենք ապահովել այդ երջանկությունը ձեզ համար՝ ձեր երազանքները քայլ առ քայլ դարձնելով իրականություն»:

Այնուհետև նախարարը կենտրոնի սաներին հանձնել է հավաստագրեր, որոնք ստացել էին տարբեր սպորտային մրցաշարերում և բազմաբնույթ  օլիմպիադաներում հաղթելու համար: Նա շրջել է նաև  կենտրոնի տարածքով, ծանոթացել  երեխաների խնամքի և կենցաղային պայմաններին, զրուցել է երեխաների և աշխատող մասնագետների հետ: Նրանցից նախարարը հատկապես հետաքրքրվել է երեխաների և ընտանիքի կապի ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքներից և հորդորել ամենայն պատասխանատվությամբ մոտենալ այդ խնդրին:

«Ձեր աշխատանքի գնահատականը միայն երեխաների ուրախ ու հանգիստ զգալն է այս միջավայրում, որտեղ անցկացնում են իրենց առօրյան: Ես համոզված եմ, որ այդպես էլ շարունակվելու է, քանի որ նրանց հետ հարաբերություններում ամենակարևորը հոգատարությունն է»,- հավելել է նախարարը:

Լրագրողների հետ զրույցի ընթացքում Մանե Թանդիլյանը ներկայացրել է երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝  նշելով, որ դրանց հիմնական նպատակը շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմակերպումն է երեխայի և ընտանիքի աջակցման կենտրոնների, որտեղ մատուցվելու են սոցիալ-վերականգնողական, հոգեբանական, մանկավարժական և այլ սոցիալական ծառայություններ:

«Վերակազմակերպման կամ բեռնաթափման ծրագիրը ունի մեկ հստակ նպատակ՝ երեխային վերադարձնել ընտանիք և ապահովել ընտանեկան ջերմություն: Այդ ծրագիրը ինքնանպատակ չէ, քանի որ պետք է արդարացնի իր միջոցները: Երբ մենք երեխաներին վերադարձնում ենք ընտանիք, միաժամակ նպատակ ունենք նաև նրանց պաշտպանելու այդ միջավայրում, որովհետև նրանց այս հաստատություններում հայտնվելը պատահական չէ: Կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը պետք է լինի մեր տիրույթում: Պետությունը պետք է գտնի այդ լուծումները և առաջարկի ընտանիքներին, որպեսզի երեխաները լինեն պաշտպանված: Մենք հասկանում ենք, որ ընտանիքին փոխարինելը շատ դժվար է, բայց պարտավոր ենք օգնել ընտանիքներին, որտեղից երեխաները կմտնեն կյանք երջանիկ, պաշտպանված ու գիտակցված նպատակներով: Շատ կարևոր եմ համարում, որ մեր ընտանիքները իսկապես իմանան, որ երեխաները նաև պետության պաշտպանության ներքո են»,- ընդգծել է նախարարը:

Հունիսմեկյան միջոցառումների շրջանակում նախարարի հաջորդ այցը Վանաձորի մանկատուն էր, որտեղ խնամվում են առանց ծնողական խնամքի մնացած 0-18 տարեկան երեխաները:

Մանկատան սաներն ևս նախարարին և հյուրերին ընդունել են մեծ սիրով ու ոգևորվածությամբ: Նրանք պատրաստել էին գեղեցիկ միջոցառում, ներկայացնելով երգ ու պար, բեմադրություն ու ասմունք: Միջոցառման ավարտին նախարարը պատվոգրեր է հանձնել մանկատան սաներին տարբեր անվանակարգերում և բազմաթիվ միջոցառումներում հաղթող հանդիսանալու կապակցությամբ:

Տոնի առիթով նրանց ևս շնորհավորել է նախարարը և մաղթել. «Այսօր ֆորմալ առումով ձեր օրն է և դուք պետք է իմանաք, որ մեր պետությունը ունի պարտավորություն ապահովելու ձեզ համար անհոգ մանկություն և երիտասարդություն: Ձեր իրավունքներն ու պաշտպանվածությունը ամենակարևորն են մեզ համար, ուստի վստահեցնում եմ, որ արվելու է ամեն հնարավորը, որպեսզի ձեզ տրվող հնարավորությունների միջոցով իրականություն դարձնեք ձեր նպատակներն ու իղձերը»:

Մանկատանը նախարարը նույնպես շրջել է տարածքով, ծանոթացել կենցաղային և խնամքի սանիտարահիգիենիկ պայմաններին, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև կատարված աշխատանքներին ու խնդիրերին: Անձամբ զրուցել է սաների հետ, ծանոթացնել նրանց երազանքներին ու ցանկություններին, կարիքներին ու խնդիրներին:

Նախարար Մանե Թանդիլյանը երկու հաստատությունների երխաների համար էլ պատրաստել էր փոքրիկ նվերներ՝ անուշեղեն և մեկական զարգացնող խաղ՝ փազլ, որոնք հավաքելուց հետո հաստատությունների սաները կհյուրընկալվեն նախարարի մոտ և կունենա հագեցած ու անակնկալ օր: