Նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

0
179

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին։

Հանդիպմանը մասնակցում էին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, ծրագրերի ավագ պատասխանատու Ալեքսան Հովհաննիսյան, սոցիալական  պաշտպանության և զբաղվածության ոլորտի խորհրդատու Վահան Դանիելյանը։

Հյուրերը նախ շնորհավորեցին Մանե Թանդիլյանին նշանակման կապակցությամբ, ապա Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն ներկայացրեց սոցիալական ապահովության ոլորտում կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի հիմնական շեշտադրումները՝  պատրաստակամություն հայտնելով պահպանել և ամրապնդել համագործակցության շարունակականությունը։ Նա նշեց, որ կազմակերպության կողմից այս բնագավառում իրականացվել են մի շարք ծրագրեր՝ վստահություն հայտնելով, որ դրանցից քաղված դասերը, ընթացքի ու արդյունքների մասին տեղեկությունները կարող են օգտակար լինել Հայաստանում ոլորտային գործընթացների հիմնական ուղղություններն ու շեշտադրումները հստակեցնելու տեսանկյունից։

Նախարարն, իր հերթին, առանձնացրեց այն ոլորտները, որտեղ առկա խնդիրներին անհրաժեշտ է տալ համակարգային լուծումներ՝ ապահովելով սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության երկարաժամկետ արդյունավետություն։

Հանդիպման ընթացքում Սիլվի Բոսութղոն կարևորեց նախարարի անձնական դիրքորոշումը կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ։ Ըստ նախարար Մանե Թանդիլյանի այս հարցում ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ համակարգի նկատմամբ հանրության անվստահությունը, որի պատճառներից մեկը իրազեկվածության ցածր մակարդակն է։ Նախարարը պնդեց, որ այս առումով անհրաժեշտ է ապահովել կուտակային կենսաթոշակային համակարգի առավելությունների և թերությունների մասին հանրության իրազեկվածությունը, ինչպես նաև՝ իրականացնել հանրային քննարկումներ արդյունավետ լուծումներ գտնելու, առողջ և վստահության վրա հիմնված երկխոսություն կառուցելու համար։

Սիլվի Բոսութղոն նշեց, որ Համաշխարհային բանկը ևս կարևորում է հանրության ակտիվ մասնակցությունը և պատրաստ է որպես գործընկեր միանալ հանրության իրազեկմանն ուղղված  միջոցառումների ծրագրի մշակման և իրականացման գործընթացին։

Հանդիպման ավարտին կողմերի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն  առաջիկայում կազմակերպել մասնագիտական քննարկումներ կոնկրետ հարցերի շուրջ Հայաստանում սոցիալական պաշտպանության և զբաղվածության ոլորտներում համագործակցության հեռանկարները և ընթացիկ ծրագրերի իրականացման արդյունավետությանն առնչվող գործողությունները հստակեցնելու համար։