Հունիսի 25-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ընդունեց «Բարի մամա» ՀԿ հիմնադիր նախագահ Մարինե Ադուլյանին։ Հանդիպման ընթացքում Մարինե Ադուլյանը ներկայացրեց «Բարի մամա» ՀԿ-ի ստեղծման պատմությունն ու գործունեության հիմնական ուղղությունները։ 2014թ. հիմնադրված կառույցի գործունեությունն ուղղված է հաշմանդամություն ունեցող նորածին երեխաներին և նրանց ծնողներին։
«Մեր գերխնդիրն է ամեն կերպ աջակցել հաշմանդամություն ունեցող նորածնի ծնողներին, որպեսզի փոքրիկին չհանձնեն մանկատուն։ Հաճախ նրանք պարզապես հոգեբանական օգնության կարիք ունեն» ,- նշեց Մարինեն՝ ներկայացնելով ՀԿ-ի գործունեության չափելի արդյունքները. անցած երեք տարիների ընթացքում «Բարի մամա» ՀԿ-ի կողմից արձանագրված 103 հաշմանդամություն ունեցող նորածնից 97-ն այսօր ապրում է ընտանիքում։
ՀԿ ղեկավարը նախարարին ներկայացրեց նաև ընտանիքի աջակցությունից զրկված մայրիկների, մանկատան հաշմանդամ սաների ժամանակավոր կացության, զբաղվածության խնդրի լուծմանն ուղղված «Բարի տնակ» նախաձեռնությունը։
«Շատ կարևոր է, որ իրականացվող միջոցառումները կանխարգելիչ գործառույթ ունենան․ մանկատների բեռնաթափման քաղաքականությանը զուգընթաց մենք պետք է ստեղծենք բոլոր պայմանները, որ այդ կառույցների գործառնական անհրաժեշտությունը չլինի և երեխաները չմնան առանց ընտանիքի հոգածության։ Այս դեպքում կարևոր է ոչ այնքան նյութական, որքան հոգեբանական աջակցությունն ու հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի առանձնահատկության հմտություններին տիրապետելն ու իրազեկ լինելը։ Ընտանիքները պետք է զգան, որ պետությունը և ոլորտում աշխատող կառույցները կանգնած են նրանց կողքին» ,- նշեց Մանե Թանդիլյանը։
Ադուլյանը ներկայացրեց նաև հիմնական խոչընդոտները, որոնց հանդիպում են իրենց կառույցի շուրջ 8000 կամավոր մայրիկները շահառուների հետ աշխատանքի ընթացքում։ Կողմերը համաձայնեցին՝ ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ հաշմանդամություն ունեցող նորածնի ծնողների հետ հենց ծննդատանը առաջին իսկ վայրկյաններից ուղղորդված աշխատանքի բացակայությունը։
Նախարար Թանդիլյանը առաջարկեց Մարինե Ադուլյանին առաջիկայում նախարարությանը ներկայացնել իրենց ծրագիրը, թե ինչպես պետք է մայրիկների կամավորական սրտաբուխ աշխատանքը վերածել համակարգված գործընթացի, որը կվերահսկվի նաև ոլորտի լիազոր մարմինների՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունների կողմից։
«Մենք պետք է հստակ պատկերացում ունենանք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն փոքրիկներին ընտանիքում պահելու համար՝ ծնողների հետ առաջին զրույցից մինչև հետագայում նրանց աջակցող ծրագրեր։ Կարծում եմ Ձեր փորձառությունը կարող է օգնել պետական և միջազգային կառույցներին՝ խնդրի լուծման արդյունավետ տարբերակներ մշակելու գործում» ,- նշեց նախարարը։