ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հունիսի 26-ին ընդունեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում ձևավորված սոցիալական ոլորտի կոալիցիայի անդամներին։
Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի հիմնական նպատակները, նախատեսվող գործողություններն ու նախարարության դերն այդ գործընթացներում։ Ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը տեղեկացրեց, որ ընտրված թիրախային 9 ոլորտներից մեկը սոցիալականն է։ Այս ոլորտում հաղթող է ճանաչվել «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագիրը, որն իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն։ Նախաձեռնության պաշտոնական գործընկերներն են «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», Վայոց Ձորի զարգացման «Հույս-98», «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները։
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ ղեկավար Նաիրա Առաքելյանը տեղեկացրեց, որ «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագրի նպատակն է բարելավել Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում ներառական կրթություն իրականացնող հանրակրթական հաստատությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների և համայնքահեն աջակցության կենտրոնների կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների որակը և արդյունավետությունը՝ մեծացնելով ՔՀԿ-ների ազդեցությունը այս ոլորտների հանրային քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում։
Կարեն Զադոյանը շեշտեց, որ թեպետ ծարագիրը շատ արդյունքներ է նախատեսում, սակայն ամենից կարևոր արդյունքը, թերևս, ծրագրի շրջանակում ձևավորված Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբավող միջմարզային կոալիցիան է։ «Եթե կոալիցիան ճիշտ զարգանա ու արդյունավետ գործակցի նախարարության հետ, ապա կարող է դառնալ լուրջ գործընկեր, որը անգամ ծրագրից հետո կարող է հարկ եղած դեպքում աջակցել գերատեսչությանը ոլորտային քաղաքականության մշակման և իրականացման տարբեր փուլերում»,- ասաց Կարեն Զադոյանը։
Նախարար Մանե Թանդիլյանը կարևորեց նաև ծրագրի շրջանակում միջգերատեսչական համագործակցության դերը։ «Կարծում եմ՝ մենք ոլորտում ակնկալվող արդյունք չունենք նաև այն պատճառով, որ խնդրին առնչվող գերատեսչությունները չեն համագործակցել միմյանց հետ։ Կարծում եմ, որ եթե կարողանանք ստեղծել այն հարթակը, որտեղ նեգրավված կլինեն բոլոր շահագրգիռ կողմերը, ապա ծրագիրն անհամեմատ ավելի արդյունավետ կլինի»,- նշեց նախարարը՝ պատրաստակամություն հայտնելով ապահովելու նախարարության մասնագետների հետ շարունակական աշխատանքը։
Տեղեկացնենք, որ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ իր գործընկերների՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն», «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա», Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ների, ինչպես նաև «Ագորա Սենթրըլ Յուրըփ» չեխական կազմակերպության հետ համատեղ: