Նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանն այցելել է Արմավիրի մարզ

0
204

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի  Բաթոյանը հունիսի 27-ին իր առաջին աշխատանքային այցը կատարեց Արմավիրի մարզ, որը պայմանավորված էր երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներով: Այցի նպատակն էր մարզպետի հետ քննարկել մի շարք խնդիրներ և հանդիպել մարզում ակտիվ դերակատարում ունեցող հասարակական կազմակերպությունների հետ:

Այցի ընթացքում նախարարի տեղակալին ընդունեց մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Կարևորելով այցի նպատակը` մարզպետը նշեց, որ տեղյակ է մարզում առկա սոցիալական խնդիրներին և պատրաստակամ օր առաջ համագործակցության շրջանակում դրանք կարգավորելու:

Զրույցի ընթացքում մարզպետն ու նախարարի տեղակալը անդրադարձան մարզում մատուցվող սոցիալական ծառայությունների որակին ու հասանելիությանը, կրթական հատուկ հաստատությունների վերակազմակերպման գործընթացին, հաշմանդամություն ունեցող անձանց համար  մատչելի միջավայրի ապահովմանը և մարզի խնդիրները բարձրաձայնելու գործում զանգվածային լրատվամիջոցների  կարևոր դերակատարմանը:

«Ես շատ եմ կարևորում ներառական մոտեցումը բոլոր ոլորտներում և կարծում, որ մարզի զարգացման ծրագրերը պետք է հիմնվեն ընդհանուր ներառականության սկզբունքի վրա: Վերջին մի քանի տարիների ընթացքում միակ համակարգային փոփոխությունը, որն ազդեցություն է ունեցել հաշմանդամություն ունեցող երեխայի և նրա ընտանիքի կյանքի վրա համընդհանուր ներառումն է: Ես համոզված եմ, որ միավորելով մեր բոլորի ռեսուրսները և սերտ համագործակցելով, հնարավորինս արագ ժամկետներում կարող ենք լուծել մի շարք խնդիրներ, որոնք կարևոր են ներառման համար»,- ընդգծեց նախարարի տեղակալը:

Գագիկ Միրիջանյանն էլ իր հերթին նշեց, որ ներկայացված խնդիրներին ծանոթ է և փաստեց, որ շատ մեծ ուշադրություն է հատկացվում մարզի սոցիալական ոլորտին, մասնավորապես այն մարդկանց, ովքեր ունեն ներառման կարիք:

Այնուհետև, նախարարի տեղակալը հանդիպեց մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական խնդիրները, քանի որ մարզը պետք է անցում կատարի համընդհանուր ներառման և այդ գործընթացում ի հայտ եկած խնդիրները կարող են լուծվել նաև իրենց օգնությամբ՝ ապահովելով արդյունավետ ներառում:

«Ներառման մասին խոսելիս առաջին հերթին նկատի ունենք հաշմանդամություն ունեցող երեխաներին և երիտասարդներին, սակայն սա մի սկզբունք  է, որը կարևոր է բոլորի համար»,- նշեց Զարուհի Բաթոյանը:

Հանդիպմանը ներկա գտնվող հասարակական կազմակերպությունների ղեկավարները մանրամասն ներկայացրին իրենց գործունեությունը և կատարած աշխատանքները: Միաժամանակ, խոսեցին իրենց մտահոգությունների, խնդիրների ու կարիքների մասին, ինչպես նաև այն ծառայությունների, որոնք կարող են տրամադրել մարզի հաշմանդամություն ունեցող երեխաներին:

Քննարկման ընթացքում կարևորվեց յուրաքանչյուր ընտանիքի և երեխայի կարիքների գնահատումը, որի համաձայն պետք է ստեղծվեն արդյունավետ ներառում ապահովող սոցիալական ծառայություններ:

Նախարարի տեղակալը հորդորեց լինել շատ ակտիվ՝ մեծացնելով հասարակական կառույցների դերը ոլորտային քաղաքականության մշակման և իրականացման գործում:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար Բաթոյանը նշեց, որ հանդիպումները կլինեն շարունակական և հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքի միջոցով կկարողանան առկա խնդիրներին առավել արդյունավետ լուծումներ տալ: