ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ Նոր հնարավորություններ աշխատանք փնտրողների և գործատուների համար

0
166

2008թ. հոկտեմբերի 14-ին, Ժ. 11:00-16:00-ը Գյումրի քաղաքի «Արագած» մարզամշակութային կենտրոնում (Մ. Մկրտչյան 49, 2-րդ հարկ) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) «Զբաղվածություն պետական ծառայություն» գործակալությունը (ԶՊԾԳ) կազմակերպել էր Աշխատանքի տոնավաճառ:

Տոնավաճառի անցկացումն իրականացվեց ԱՄՆ ՄԶԳ Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման (ՍՊՀՀ) ծրագրի աջակցությամբ և Շիրակի մրցունակության կենտրոնի, ՀՊՃՀ Գյումրիի մասնաճյուղի, «Ցայգ» ՍՊԸ-ի, «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի» և Գյումրիի Տնտեսագիտական խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ: Տոնավաճառին մասնակցեց շուրջ 41 գործատու և ավելի քան 1000 աշխատանք փնտրող, ներկայացվեց մոտ 150 թափուր աշխատատեղ:
2008թ մայիս-հունիս ամիսներին ԶՊԾ գործակալությունն իրականացրել է աշխատանքի 3 տոնավաճառ Երևանում, Գորիսում և Աբովյանում` սոցիալական գործընկերների, տարբեր միջազգային կազմակերպությունների և բուհական կարիերայի կենտրոնների ակտիվ համագործակցությամբ: Արդյունքում` մասնակցող գործատուների կողմից ներկայացված 600 թափուր աշխատատեղից 223-ը լրացվել է շուրջ երեք ամսում: Ըստ գնահատման թերթիկների` տոնավաճառին մասնակցած գործատուների մեծ մասը գերազանց է գնահատել տոնավաճառի դերն իրենց կազմակերպության կադրային կառավարման գործընթացում, իսկ մասնակցած աշխատանք փնտրողների կարծիքով տոնավաճառները զգալիորեն հեշտացնում են իրենց գործը և օգնում արագ աշխատանք գտնել:
4-րդ տոնավաճառը կազմակերպվեց Գյումրիում` հաշվի առնելով մարզում գործազրկության բարձր մակարդակը և ՀՀ կառավարության գերակայությունները: 2008թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում աշխատանք փնտրողների թվաքանակը կազմում է շուրջ 91 հազ. մարդ (գործազրկության մակարդակը` 6.3%), որից 15.2 հազարը` Շիրակի մարզում, որտեղ պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակը միջինից բարձր է և կազմում է 12.9%: Աշխատանքի տեղավորման լուրջ խնդիրներ ունեն հատկապես երիտասարդները, որոնք չունենալով անհրաժեշտ փորձ և հմտություն` մերժվում են գործատուի կողմից: ԶՊԾԳ կողմից իրականացվող բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում 2009թ. ընթացքում պլանավորվել է իրականացնել աշխատանքի նմանատիպ վեց տոնավաճառ:
Աշխատանքի տոնավաճառի նպատակն էր` իրականացնել գործատուների և աշխատանք փնտրողների հանդիպումը, ինչպես նաև զարգացնել աշխատանք որոնելու մշակույթը, Շիրակի մարզի հանրությանը, հատկապես` երիտասարդությանը, ներկայացնել մարզի աշխատաշուկայի պահանջարկն ու թափուր աշխատատեղերի առաջարկը, երիտասարդների ու հաշմանդամների զբաղվածության ներկա մակարդակը, հիմնախնդիրներն ու սոցիալական երաշխիքները, ինչպես նաև բարձրացնել առավել արդիական մասնագիտությունների հանդեպ հետաքրքրությունը: Այն գործատուին կօգնի ունենալ մասնագետների տվյալների բազա, ավելի կարճ ժամանակահատվածում լրացնել թափուր աշխատատեղերը, գովազդել իրենց կազմակերպության ծառայությունները, իսկ աշխատանք փնտրողին` առավել լավ պատկերացում կազմել գործատուների պահանջների մասին, անմիջական կապեր հաստատել տարբեր գործատուների հետ և գտնել աշխատանք: