Տարեցների միջազգային օր

0
159

Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ 2008թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ճեմասրահում տեղի ունեցավ նախարարության կազմում գտնվող տուն-ինտերնատների, տնային սպասարկման խնամքի կենտրոնի և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության խնամքի ներքո գտնվող տարեցների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությունը:
Ներկայացված էին ասեղնագործության, գոբելենի, կտավների, ժանյակագործության, եգիպտացորենի տերևներից պատրաստված բազմաթիվ աշխատանքներ:
Միջոցառմանը մասնակցում էին նախարարության պաշտոնատար անձինք, ցուցահանդեսի աշխատանքների հեղինակներ, լրագրողներ, հրավիրված հյուրեր:
«Կարևոր չէ, թե մարդը որտեղ է բնակվում` ընտանիքում, թե դրանից դուրս, կարևորը` իրեն միայնակ չզգա: Մեր աշխատակիցներն անում են հնարավորը, որպեսզի տուն-ինտերնատներում բնակվող և ամենօրյա խնամքի կարիք ունեցող տատիկներն ու պապիկներն իրենց ծերությունն ապրեն ջերմությամբ ու հոգածությամբ շրջապատված»,- իր խոսքւմ կարևորեց նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը:
Մասնակիցները ոչ միայն հիացմունքով դիտում էին աշխատանքները, այլև ներկա գտնվող տատիկներից տեղեկանում աշխատանքների պատրաստման գաղտնիքների մասին:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 9-ը, կարող եք այցելել և հիանալ ներկայացված աշխատանքների գեղեցկությամբ: