ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ. Մնացականյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Լեյլի Մոշիրիին: Նախարարը շնորհակալություն հայտնեց տարիներ շարունակ Հայաստանին ցուցաբերած աջակցության համար` ի նպաստ մեր երկրում երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանությանը: Հիմնադրամի աջակցությամբ իրականցվել են լուրջ իրավական և վարչական բարեփոխումներ, երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդում, ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունների հզորացում:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և նախարարության աշխատակիցների սերտ համագործակցությամբ մշակվել են “Երեխաների պաշտպանության 2010-2011թթ. երկամյա ծրագիրը” և “Երեխայի իրավունքների մոնիտորինգ և սոցիալական քաղաքականություն 2010-2011թթ. ծրագիրը”, որոնք ստորագրվեցին հանդիպման ընթացքում: Կողմերը վստահություն հայտնեցին, որ դրանց հետագա արդյունավետ իրականացումը ևս կապահովվի համատեղ ջանքերով: Այդ նպատակով մոտ ժամանակներս կմշակվի ընդհանուր ծրագրից բխող առավել մանրամասն միջոցառումների ծրագիր` տարեկան կտրվածքով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև սոցիալական համալիր ծառայություններ մատուցելու հայեցակարգի լրամշակման, մատուցվող սոցիալական ծառայությունների որակի և հասցեականության բարձրացման, երեխաների խնամքի հաստատությունների բեռնաթափման հարցերը: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տարեկան ծրագրով նախատեսված համատեղ միջոցառումները կնպաստեն գործընթացի շարունակականության ապահովմանը, հատկապես ընդգծելով հաստատությունների բեռնաթափման ռազմավարական ծրագրի մշակման կարևորությունը: