2010թ. մարտի 16-ին Երիտասարդության և համայնքների գործողությունների ծրագրի ու Կրթության զարգացման ակադեմիայի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող “Երևանը 5 օրում” երիտասարդության քաղաքացիական կրթության ծրագրի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին նախարարության պաշտոնատար անձինք, Հայաստանի Հանրապետության 10 մարզերը ներկայացնող 43 երիտասարդներ, ԱՄՆ ՄԶԳ Հայաստան ծրագրի ներկայացուցիչներ:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին` նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը նշեց, որ նման հանդիպումները հատկապես մարզերում ապրող երիտասարդների համար բացառիկ հնարավորություն են` ծանոթանալու պետական կառավարման մարմինների գործառույթներին, ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Նախարարության վարչությունների պատասխանատուները ներկայացրեցին կենսաթոշակային ապահովության, աշխատանքի և զբաղվածության, հաշմանդամների և տարեցների, սոցիալական աջակցության ոլորտների գերակայությունները, իրականացվող ծրագրերը: Ծավալվեց հետաքրքիր երկխոսություն: Երիտասարդների բազմաբնույթ հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: