Ս/թ. մարտի 25-ին ժամը 17.00-ին Մալաթիա-Սեբաստիայի զբաղվածության տարածքային կենտրոնի նախաձեռնությամբ (տնօրեն Սեդրակ Խաչիկյան) “Դեպի գործատուն” միամսյակի շրջանակներում Արդյունաբերողների և գործատուների միությունում տեղի ունեցավ հանդիպում գործատուների մի շարք ճյուղային միությունների նախագահների, միջին մասնագիտական կրթական հաստատությունների և “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության Երևանի կենտրոնների տնօրենների մասնակցությամբ:
Հանդիպմանը մասնակցում էին նաև “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության պետ Սոնա Հարությունյանը, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Սամվել Պիպոյանը և Արդյունաբերողների և գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:
Հանդիպման նպատակն էր գործընկերներին ներկայացնել զբաղվածության պետական ծրագրերը և քննարկել գործատուների` աշխատուժի ապահովման հետ կապված խնդիրները, զբաղվածության պետական ծառայությունից ունեցած ակնկալիքները:
Հանդիպման ընթացքում գործատուների կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր` կապված մասնագիտական ուսուցման ծրագրին զուգահեռ արտադրական պրակտիկայի կազմակերպման, ուսուցման ծրագրերի փորձագիտական եզրակացության, ինչպես նաև ծրագրի արդյունավետության գնահատման չափորոշիչների անհրաժեշտության հետ: Գործատուներին մտահոգող խնդիրների շարքում էին նաև կրթության որակի, բանվորական աշխատուժի վերարտադրման, միջին մասնագիտական կրթական համակարգի առողջացման խնդիրները: