Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի անդրանիկ նիստը

0
125

Մարտի 26-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին ՀՀ պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախարարության աշխատակիցներ: Նիստը վարում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը:

Օրակարգում ներառված էր հինգ հարց.

Երեխաների իրավունքների պաշտպանության 2009թ. հաշվետվությունների ներկայացում,
Նուբարաշենի հակասոցիալական վարք ունեցող հատուկ դպրոցի վերակազմակերպում,
“Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան” հասարակական կազմակերպության կողմից նոր ծրագրի ներկայացում,
“Վորլդ Վիժն” հասարակական կազմակերպության “Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում” ծրագրի ներկայացում,
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի “Հաստատությունների բեռնաթափում” ծրագրի ներկայացում:

Օրակարգի առաջին հարցի մասին զեկուցեց ՀՀ ԱՍՀՆ ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը: Նա մանրամասն ներկայացրեց 2009թ. երեխաների իրավունքների պաշտպանության ՀՀ մարզային բաժինների իրականացրած ծրագրերը, կատարած աշխատանքները, վիճակագրական տվյալները:

Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը: Քննարկվեց թիվ 18 հատուկ դպրոցի լուծարման հարցը, քանի որ այն չի ծառայում իր նպատակին: Իրականում այնտեղ պիտի սովորեին հատուկ կարիքներ ունեցող և իրավախախտ երեխաները` ստանալով հատուկ կրթություն և դաստիարակություն: Ներկայումս տվյալ դպրոցում հիմնականում սովորում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ: Դպրոցի լուծարման գործընթացն արդեն սկսվել է: Այն երեխաները, ովքեր դպրոց էին հաճախում սոցիալական խնդիրներից դրդված, կտեղափոխվեն հանրակրթական այլ դպրոցներ: Իսկ հատուկ կարիքներ ունեցող և իրավախախտ երեխաների կրթությունն ու խնամքն իրականացնելու համար հանձնաժողովի մասնակիցները առաջարկեցին ստեղծել հատուկ վերականգնողական կենտրոն:

Այնուհետև հանդիպման մասնակիցներին իրենց նոր ծրագրերը ներկայացրեցին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ծրագրի ղեկավար` Լեյլի Մոշիրին, Վորլդ Վիժն հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար Էլեն Իսպիրյանը, “Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան” հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար Իրինա Սողոյանը: Ներկայացված ծրագրերը նպատակ ունեն կատարելագործելու և նպատակային դարձնելու երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները:

“Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան” հասարակական կազմակերպության ներկայացրած ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում` ընդգրկելով բոլոր մարզերը: Այն տևելու է 3 տարի:
Վորլդ Վիժն հասարակական կազմակերպության “Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում” ծրագիրը կիրականացվի Հայաստանի չորս մարզերում: Ներկայումս կատարվում են նախապատրաստական աշխատանքներ, որից հետո կկազմակերպվեն այցելություններ մարզեր և տեղի պատասխանատուների հետ կանցկացվեն համատեղ քննարկումներ:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից ներկայացված “Հաստատությունների բեռնաթափում” ծրագիրը նպատակ ունի նախարարության հաստատություններում ավելացնել տեխնիկական աջակցությունը բեռնաթափման գործընթացն արագացնելու նպատակով: Վերջերս նախարարության հետ ստորագրված 2010-2015թթ. համագործակցության ծրագիրը կնպաստի խնամքի այլընտրանքային ծառայությունների ստեղծմանը, ծառայությունների շղթայի ձևավորմանը և դրանց շարունակականության ապահովմանը: Ծրագիրը պահանջում է բոլոր հաստատությունների քարտեզագրում և գնահատում: Աշխատանքներն իրականացնելու նպատակով կձևավորվի աշխատանքային խումբ, կտրվեն տեխնիկական առաջադրանքներ:

Նիստի վերջում ՀՀ մարզային բաժինների պետերը հակիրճ ներկայացրեցին իրենց անելիքներն ու խնդիրները միաժամանակ շնորհակալություն հայտնելով նախարարության աշխատակիցներին ցուցաբերած մեթոդական օգնության, խորհրդատվության համար, որոնք կարևոր գործոն են հանդիսացել բաժինների կայացման, հեղինակության ձեռքբերման գործում:

Նիստի ընթացքում հնչեցին մի շարք առաջարկներ, որոնք կքննարկվեն և կստանան իրենց լուծումները: Հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա ս/թ. հունիսին: