Մարտի 31-ին ՀՀ կառավարությունում մամլո ասուլիսով հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ ֆինանսների նախարարներ Մ. Մնացականյանն ու Տ. Դավթյանը: Թեման` “Սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված` ՀՀ կառավարության քայլերը”: Ըստ ՀՀ կառավարության վերջերս կայացրած որոշման` մայիսի 1-ից 15 տոկոսով բարձրացվում է սոցիալական նպաստների չափը, իսկ նոյեմբերի 1-ից` 11 տոկոսով կենսաթոշակներինը: Ինչպես նշեց ֆինանսների նախարարը դա արվել է` ելնելով այս տարվա մակրոտնտեսական ռիսկերից: “Այդ առումով մենք ի սկզբանե առանձնացնում էինք գնաճային ռիսկերը: Մեզ համար կանխատեսելի էր, որ ճգնաժամային կամ հետճգնաժամային փուլում, տնտեսության վերականգնման շրջանում, հնարավոր են գնաճային ռիսկեր, որոնք նաև կհամեմվեն գազի սակագնի բարձրացմամբ: Բնականաբար, կառավարությունը տրամադրված էր փոխհատուցման մեխանիզմներ իրականացնել այդ ռիսկերի նվազեցման համար` սոցիալապես առավել խոցելի հատվածներին փոխհատուցելով տարվա ընթացքում առաջացող գնաճային ռիսկերը”,-նշեց Տ. Դավթյանը: Ըստ էության սոցիալական նպաստների չափը գումարային տեսքով ամսական կտրվածքով միջինում ավելանում է 3500 դրամով: Ներկայումս ՀՀ-ում կա 110 000 նպաստառու ընտանիք: Նման որոշումների ընդունման համար հիմք են ընդունվել այն փորձագիտական գնահատականները, ըստ որոնց` գազի ամսական վճարվելիք լրացուցիչ ծախսը միջին հաշվով կազմելու է մոտավորապես 2500 դրամ, բայց կառավարությունը ավելացումը կատարել է 1000 դրամով ավելի` այլ ապրանքների գնաճային ռիսկերը նվազեցնելու համար: Կենսաթոշակառուների թիվը Հայաստանում 525-530 հազար է, որոնց կենսաթոշակը նոյեմբերի 1-ից միջին հաշվով կբարձրացվի 2650 դրամով: Կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կկատարվի առանց կրճատելով այլ ծախսային ծրագրերի միջոցները: Ընդհանուր գումարը, որ այդ նպատակների համար կհատկացվի պետբյուջեից, 6-6.5 միլիարդ դրամ է:
Նախարար Մ. Մնացականյանն անդրադառնալով գնաճի հետևանքով բնակչության հատկապես անապահով խավի սոցիալական ծանր վիճակին, նշեց, որ այն Հայաստանում ժամանակավոր բնույթ է կրում: Նա հավաստիացրեց, որ ՀՀ կառավարությունն իր բոլոր օղակներով անում է հնարավորինս առավելագույնը` հատկապես սոցիալական այդ խմբի խնդիրները փոքրիշատե մեղմելու համար:
Ի դեպ` “ՀԽՍՀ բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում” ծրագրով Հայրենական մեծ պատերազմի վետերաններին արտահերթ կարգով փոխհատուցում տրամադրելու մասին կառավարության որոշումը մարտի վերջին ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով: