Հայաստանի Հանրապետության կառավարության հուլիսի 10-ի նիստում ընդունվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի կիրարկումն ապահովող «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու, խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը:
Վերոհիշյալ որոշման համաձայն՝ մեկամսյա ժամկետում պետք է ձևավորվի Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անհատական կազմը, որում ընդգրկվելու են նաև ներկայացուցիչներ հասարակական կազմակերպություններից։ Անդամագրվելու հայտ կարող են ներկայացնել առնվազն վերջին երեք տարիների ընթացքում ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունները։
Այդ կապակցությամբ կոչ ենք անում ոլորտում աշխատող կառույցներին մինչև հուլիսի 29-ը ներառյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել թեկնածություն՝ խորհրդի կազմում ընդգրկելու նպատակով։
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային նամակ info@old.mlsa.am հասցեին՝ որպես վերնագիր նշելով «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ» բառակապակցությունը։ Անհրաժեշտ է նամակում ամփոփ ներկայացնել կազմակերպությունը, կառույցի կողմից ներկայացվող թեկնածուին և կոնտակտային տվյալներ՝ կցելով նաև ՀԿ-ի կանոնադրությունը։ Հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվելու է առավել փորձաշատ կառույցներին։
Մանրամասների համար կարող եք զանգահարել ԱՍՀՆ ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության կանանց հիմնահարցերի բաժին 010 56-53-21 հեռախոսահամարով։