Ճանաչողական հանդիպում երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների ղեկավարների հետ

0
196

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանն այսօր ընդունել է նախարարության համակարգում գործող երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների, մանկատների և ցերեկային կենտրոնների տնօրեններին:

Հանդիպման ընթացքում Արսեն Մանուկյանը ներկայացրեց երեխաների պաշտպանության և խնամքի ոլորտում նախարարության առկա հիմնական քաղաքականությունը և ՊՈԱԿ-ների դերը այդ քաղաքականության իրականացման գործում։

«Հաստատությունների վերակազմակերպումը շարունակում է մնալ մեր առաջնային խնդիրներից մեկը։ Այս համատեքստում կարևոր է, որ կառույցների ղեկավարները ոչ միայն մասնակցեն այս գործընթացին, այլև լինեն այդ քաղաքականության կրողը»,- նշեց Արսեն Մանուկյանը։

Հորդորելով շարունակել առաջնորդվել երեխաների խնամքի չափորոշիչներով, փոխնախարարը նաև կոչ արեց բարձրաձայնել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են չափորոշիչների կիրառման ընթացքում։

ՊՈԱԿ-ների ղեկավարները փոխնախարարին ներկայացրեցին ընթացիկ խնդիրներն ու քննարկեցին լուծման հնարավոր տարբերակները։ Ներկաները կարևորեցին ոլորտին առնչվող գերատեսչությունների համագործակցությունը խնդիրների ավելի հասցեական և արդյունավետ լուծման ուղիներ մշակելու և իրականացնելու համար։ Արսեն Մանուկյանը նշեց, որ այդ խնդիրը նաև կառավարության ուշադրության կենտրոնում է և ոլորտային բոլոր խնդիրները քննարկվում են նաև առնչվող մյուս կառույցների հետ։

Փոխնախարար Արսեն Մանուկյանը նշեց, որ հետագայում հանդիպումները կլինեն պարբերական և խոստացավ անձամբ այցելել հաստատություններն ու տեղում ծանոթանալ ընթացիկ խնդիրներին։