ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգում երկու հարց էր. Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովելու նպատակով գործողությունների կիսամյակային և եռամյա միջոցառումների ծրագրի քննարկում և հաստատում, կազմակերպչական հարցեր:
Օրակարգը հաստատելուց հետո կողմերն անցան միջոցառումների ծրագրի դրույթների քննարկմանը, որը մշակվել է եռակողմ աշխատանքային խմբի կողմից: Քննարկման ընթացքում եղան նոր առաջարկություններ, մասնավորապես` աշխատավարձի ինդեքսավորման, նվազագույն սպառողական զամբյուղի ընդունման և սոցիալական ոլորտի այլ կարևորագույն հարցերի վերաբերյալ: Նկատի ունենալով նոր առաջարկությունների մեծ ծավալը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ. Մնացականյանի առաջարկով ընդունվեց որոշում. հանձնարարել աշխատանքային խմբին` մեկ անգամ ևս քննարկել հնչած բոլոր առաջարկությունները, լրամշակել միջոցառումների ծրագիրը և ներկայացնել հաստատման: