“Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների” խորագրով դարցի 3-րդ մրցաշար

0
117

Ապրիլի 10-ին “No Problem” ժամանցի կենտրոնում կայացավ արդեն ավանդույթ դարձած “Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների” խորագրով դարցի 3-րդ մրցաշարը, որը նախաձեռնել էին “Հույսի կամուրջ” և “Առաքելություն Արևելք” կազմակերպությունները` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և Դանիայի միջազգային զարգացման գործակալության (DANIDA) ֆինանսավորմամբ:

Մրցաշարի անցկացման նպատակը հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը քարոզելն էր:

Մրցաշարն արդեն 3-րդ անգամ իրականացվեց Հայաստանի դարցի ‎‎‎ֆեդերացիայի աջակցությամբ: Այս տարի հաղթողների համար մրցանակներ էր սահմանել նաև “Ակվատեկ” սպորտաառողջարանային համալիրը:

Մասնակցության հայտ էին ներկայացրել լրագրողներ Թերթ.am, Sport.info, panarmenian.net, “Մեդիամաքս” տեղեկատվական կայքերից, “Առավոտ” օրաթերթից, “Երկիր մեդիա” հեռուստաընկերությունից, Հանրային ռադիոյից և “Ազատություն” ռադիոկայանից:

Միջոցառմանը մասնակցեցին հաշմանդամության խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների 40 ներկայացուցիչներ, ինչպես նաև պատվավոր հյուրեր:

Տղամարդկանց և կանանց խմբերն առանձին-առանձին մրցեցին երեք մրցանակային տեղերի համար:

Կանանց մրցաշարում առաջին մրցանակին արժանացավ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց “Հույսի կամուրջ” ՀԿ հատուկ մանկավարժ Սոնա Ավետիսյանը: Երրորդ մրցանակին արժանացավ Հանրային ռադիոյի “Մարզական խաչմերուկ” հաղորդաշարի լրագրող Գոհար Նալբանդյանը:

Տղամարդկանց խմբում առաջին և երկրորդ տեղերը գրավեցին “Մեդիամաքս” լրատվական գործակալությունից համապատասխանաբար Կարեն Անտոնյանը և Դավիթ Ալավերդյանը: Երրորդ մրցանակային տեղը զբաղեցրեց Հանրային ռադիոյի “Լյունսե” երիտասարդական ծրագրի լրագրող Սերգեյ Կիրակոսյանը:

Շնորհակալագրեր և հուշանվերներ շնորհվեցին “No Problem” ժամանցի կենտրոնին, Հայաստանի դարցի ֆեդերացիային և “Ակվատեկ” սպորտաառողջարանային համալիրին:

Ինչպես միշտ մրցանակ է սահմանված նաև մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողի համար, որը կհանձնվի ապրիլի 13-ին, ժամը 16:00-ին “Հույսի կամուրջ” ՀԿ գրասենյակում: