Քննարկվել են որդեգրման գործընթացի հետ կապված խնդիրները

0
188

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանի նախաձեռնությամբ հուլիսի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Նպատակն էր վերհանել երեխաների պաշտպանության համակարգում, մասնավորապես, որդեգրման գործընթացում և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուղղորդման և տեղավորման հետ կապված առկա խնդիրները:

Քննարկմանը ներկա էին երեխաների պաշտպանության ցանցում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախարարության Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության աշխատակիցներ, հրավիրված անձ Հակոբ Քոյլոյանը: Հրավիրվածները ներկայացել էին նշված գործընթացներում առկա խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունների փաթեթով:

Հանդիպման ընթացքում մասնակիցների կողմից կարևորել են հետևյալ հարցերը.

ա/ որդեգրման վերաբերյալ դրական եզրակացության ժամկետի փոփոխության անհրաժեշտություն,

բ/ որդեգրել ցանկացող անձի և երեխայի համադրման փուլի կարևորություն,

գ/ երեխայի և որդեգրողի կապը երեխայի կենսաբանական ընտանիքի հետ,

դ/ մոնիթորինգի և վերահսկողության գործուն մեխանիզմների մշակման անհրաժեշտություն,

ե/ երեխայի մասնակցությունը որդեգրման որոշման կայացման գործընթացում,

զ/ երեխա որդեգրել ցանկացողի վերապատրաստումը,

է/ «երեխայի լավագույն շահ» եզրույթի մեկնաբանությունը և դրա կիրառումը դատարաններում,

ը/ որդեգրման ենթակա երեխաների կարգավիճակի հստակեցման անհրաժեշտություն,

թ/ ծնողի՝ երեխայից հրաժարվելու ընթացակարգի չափազանց պարզ լինելը և դրա փոփոխման անհրաժեշտություն:

Նախարարի տեղակալի հավաստմամբ՝ առկա խնդիրների մի մասը կկարգավորվեն նոր մշակված նախագծերով ու կարգերով, իսկ ոլորտում առկա մյուս խնդիրների վերաբերյալ արտահայտած դիտարկումներն ու մտահոգությունները առաջիկայում կուսումնասիրվեն և, կախված վերլուծությունների արդյունքներից, իրավական ակտերում կկատարվեն համապատասխան փոփոխություններ: