Հուլիսի 24-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ընդունել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին:
Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սպարտակ Սարգսյանը նախարար Թանդիլյանին ներկայացրեց «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի գործունեության այն ճյուղերը, որոնք վերաբերում են ծնողական խնամքից զրկված երեխաներին, նրանց կրթությանն ու զարգացմանը, երեխաներին ընտանիքներ վերադարձնելու հնարավորություններին:
Խոսելով խնամատարության համակարգի մասին՝ Սպարտակ Սարգսյանը նշեց, որ հիմնադրամն ուղղորդված աշխատում է համակարգին միանալ ցանկացող ընտանիքների հետ։
«Կարծում եմ այս ոլորտում կարող ենք արդեն իսկ խոսել որոշակի հաջողությունների մասին։ Թվով 5 ընտանիք այսօր խնամատարության է վերցրել երեխաների, և հիմնադրամը շարունակում է ծառայություններ մատուցել այդ ընտանիքներին»,- նշեց Սպարտակ Սարգսյանը՝ ներկայացնելով ընտանիքների հետ տարվող աշխատանքների հիմնական ուղղությունները:
Առաջին ՍՕՍ մանկական գյուղը հիմնադրվել է Կոտայքի մարզում 1990 թ․-ին Սպիտակի երկրաշարժի արդյունքում ծնողներին կորցրած երեխաներին ապաստանելու նպատակով: Շուրջ երկու տասնամյակ անց Իջևանում ստեղծվել է արդեն երկրորդ ՍՕՍ մանկական գյուղը, որի գործունեությունը ներառում է երեխաների խնամքի և ընտանիքների ամրապնդման համայնքային ծառայությունների, ինչպես նաև կրթական ծրագրերի լայն շրջանակ:
«Ծնողական խնամքից զրկված երեխաների պաշտպանության և խնամքի ոլորտում նախարարության գլխավոր նպատակներից մեկը նրանց ինքնուրույն կյանքին նախապատրաստելն է։ Վստահ եմ մեր արդյունավետ համագործակցությունը կնպաստի ոլորտում առկա խնդիրների լուծման գործընթացին»,- նշեց նախարար Մանե Թանդիլյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև համագործակցության զարգացման հնարավորությունները: Նախարարի տեղակալ Արսեն Մանուկյանը կարևորեց նախարարության աշխատանքային խմբի այցը ՍՕՍ մանկական գյուղեր, որտեղ ոլորտային մասնագետները հնարավորություն կունենան հավաքագրելու անհրաժեշտ տեղեկությունները՝ համատեղ ծրագրեր մշակելու համար։