ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

0
718

Ապրիլի 26-ին Ազգային Ժողովում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը ներկայացրեց “ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” և մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը:

Նախագծում ներառված են ՀՀ աշխատանքային օրենսգրքում տեղ գտած և դրա կիրարկումից հետո ծագած խնդիրների կանոնակարգման հիմնական մոտեցումներն ու լուծումները: Մասնավորապես, կարգավորվում են քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող քաղաքացիների մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունները, ներդրվում է աշխատանքային բանավոր պայմանագրի ինստիտուտը, սահմանվում են ժամանակավոր բնույթ կրող աշխատանքներում մինչև 16 տարեկան անձանց ներգրավելու պայմանները, կարգավորվում են կազմակերպության վերակազմակերպման դեպքում կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետին առնչվող հարաբերությունները, հստակեցվում և նվազեցվում են արտաժամյա և գիշերային աշխատանքի համար տրվող հավելումների չափերը, աշխատանքի նորմալ պայմաններից շեղումների առկայության դեպքում լրացուցիչ երաշխիքներ են սահմանվում կոնկրետ աշխատանքների և մասնագիտությունների համար, կարգավորվում են աշխատողին աշխատած օրերի համար և արձակուրդի չօգտագործած օրերի համար վճարման խնդիրների հետ կապված հարաբերությունները, հստակեցվում են միջին ամսական աշխատավարձի հաշվարկման մեխանիզմները, սահմանվում են աշխատողների մասնագիտական ուսուցման պայմանները, կարգավորվում պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների աշխատավարձերի վճարման հետ կապված հարաբերությունները:

Նախագծով նախատեսվում են նաև աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման, արձակման նպաստի վճարման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրվելու դեպքում վերջնահաշվարկի, փորձաշրջանի ընթացքում աշխատանքի վարձատրության կարգավորման նոր մեխանիզմներ:

Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ