2011թ. հունվարի 19-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ նախարար Ա. Գրիգորյանի <Նախարարության գերակա ուղղություններ, ՀՀ կառավարության 2011թ. գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներ> թեմայով մամուլի ասուլիսը:
Նախարարը ներկայացրեց 2011թ. նախարարության գերակա չորս խնդիրները. կենսաթոշակային բարեփոխումներ, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրում, սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական բազաների արդիականացում, մանկատների բեռնաթափում:
- Կենսաթոշակային բարեփոխումների իրականացում
ՀՀ Կառավարությունը 2008թ. նոյեմբերին հաստատել է կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրն ու կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը, որոնց իրականացումը կրում է շարունակական բնույթ:
Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ 2011թ. նախատեսվում է ամբողջացնել կամավոր կենսաթոշակային ապահովագրության իրականացումն ապահովող ենթաօրենսդրական և գերատեսչական իրավական ակտերը, լիցենզավորել կամավոր կենսաթոշակային ապահովագրություն իրականացնող կազմակերպություններին (կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներ), գործարկել համակարգը:
Աշխատանքներ են իրականացվելու երկու հիմնական` կենսաթոշակային հաշիվների վարման և անձնավորված հաշվառման համակարգերի մշակման ուղղությամբ, ինչպես նաև “Պետական կենսաթոշակների մասին” նոր օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակման և ընդունման ուղղությամբ: Լայնամասշտաբ բնույթ կկրի նաև կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման աշխատանքների իրականացումը: Կիրականացվի անցումը կենսաթոշակների վճարման նոր` անկանխիկ ձևին, կվերացվեն կանխիկ վճարման գործում ներկայումս եղած թերությունները:
- Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրում
Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման համար նախատեսվում է 2011թ. ընթացքում ՀՀ Կառավարություն ներկայացնել միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը, որում ներառվելու են` վերլուծություններ, ուսումնասիրություններ, հետազոտություններ, սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների շենքային պայմանների գույքագրում, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի միասնական մոդելի մշակում և առաջարկությունների ներկայացում ՀՀ Կառավարություն, առնվազն 2 մարզում փորձնական ծրագրի իրականացում, “Սոցիալական աշխատանքի” ինստիտուտի կարողությունների հզորացում, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրումն ապահովող համապատասխան իրավական դաշտի ձևավորում, մասնավորապես` “Սոցիալական աջակցության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծի ներկայացում:
- Սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական բազաների արդիականացում
2011թ. նախատեսվում է նոր արդիականացված տեղեկատվական համակարգի ներդրում, որի շրջանակում կփոխկապակցվեն ոլորտի բոլոր տեղեկատվական համակարգերը, նախարարությունը, առանձնացված ստորաբաժանումները և տարածքային կենտրոնները կգործեն մեկ տեղեկատվական միջավայրում: Կարևորագույն քայլերից մեկը տեղեկատվության ավտոմատ փոխանակման համակարգի ներդրումն ու հիմնական գործարկման աշխատանքն է, որի միջոցով պետք է իրականացվի նաև այլ մարմիններից տեղեկատվության ստացումն ու կիրառումը: Զուգահեռաբար մշակվելու և ներդրվելու են նոր տեղեկատվական համակարգեր` ֆինանսական կառավարման համակարգ, հաշմանդամներին և սոցիալապես անապահով անձանց պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների, ինչպես նաև սայլակների և լսողական սարքերի տրամադրման:
Բացի վերը նշված աշխատանքներից սոցիալական պաշտպանության ոլորտի կազմակերպություններն ապահովվելու են ինտերնետ/ինտրանետ կապով, վերապատրաստվելու են տարածքային մարմինների աշխատակիցները: Ծառայությունների մատուցման միասնական համալիր կենտրոնների ստեղծման համար իրականացվելու է անհրաժեշտ տեխնիկական, ծրագրային և ցանցային ապահովում։ Այս աշխատանքները կատարելուց հետո հնարավոր կլինի ապահովել տեղեկատվության ամբողջականություն և հավաստիություն, հասանելիություն, կառավարման թափանցիկություն, վերահսկելիության մակարդակի, աշխատանքի արդյունավետության և իրականացվող ծրագրերի հասցեականության բարձրացում։
- Մանկատների բեռնաթափում
Մանկատների բեռնաթափման անհրաժեշտությունը պայմանավորված է երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմամբ, ինչպես նաև այն փաստով, որ մանկատներում խնամվող երեխաների մեծ մասն ունի ծնողներ և մանկատներում է գտնվում սոցիալական տարբեր պատճառներով: Պետության որդեգրած քաղաքականությունը հետևյալն է. խստացնել մանկատուն ընդունելու պայմանները, հնարավորինս բեռնաթափել այդ հաստատությունները` երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու, որդեգրման հանձնելու, խնամատար ընտանիքում դաստիարակելու, խնամակալության հանձնելու, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում, ցերեկային կենտրոններում տեղավորելու և այլընտրանքային այլ ծառայություններ մատուցելու միջոցով:
Այդ նպատակով նախատեսվում է ՀՀ ընտանեկան օրենսգրքում կատարել փոփոխություններ և լրացումներ, վերանայել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշերը: Պետք է ուսումնասիրվեն համակարգի մանկատներում խնամվող երեխաների կարգավիճակներն ու նրանց ընտանիքները` եթե առկա են, և ամբողջական պատկերն ունենալուց հետո ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները երեխաների խնամքն ու դաստիարակությունը հնարավորինս ընտանիքում ապահովելու և մանկատանն այընտրանք համարվող ծառայություններ ստեղծելու և զարգացնելու ուղղությամբ: