ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2010 թվականի գործունեության Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն (ՍԵՂՄԱԳԻՐ)

0
114

2010թ. նախարարությունն ապահովել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնական և գերակա ուղղություններով պետական քաղաքականության իրականացումը, կարևորելով` բնակչության արդյունավետ զբաղվածության ապահովումը, կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը, կենսաթոշակների ու նպաստների չափերի աճը, հաշմանդամների, տարեցների, կանանց ու երեխաների հիմնահարցերը, սոցիալական իրավունքի լիարժեք իրացման պայմանների ստեղծումը: Պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը էական փոփոխություն չեն կրել` ՀՀ 2010թ. պետական բյուջեով նախատեսելով 244.4 մլրդ դրամ կամ` պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 26.1 տոկոսը:

2010թ. ընթացքում նախարարության կողմից իրականացված և նախարարի անմիջական հսկողության ներքո գտնված 4 հիմնական ծրագրերի կատարման արդյունքները ներկայացվում են ստորև.

  1. Սոցիալական նպաստների հասցեականության մեծացում

Համաձայն ՀՀ ԱՎԾ 2009թ. Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության տվյալների` ընտանեկան նպաստի հասցեականությունը մեծացել է 2008թ. համեմատությամբ. նպաստառուների 76.5 տոկոսը, որոնք ստանում են ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների 75.9 տոկոսը, գտնվում են սպառման բաշխվածության ստորին երկու քվանտիլներում: Սակայն համակարգի կատարելագործման անհրաժեշտությունը դեռևս օրակարգային խնդիր է, քանի որ նպաստառուների 10.6 տոկոսը, որոնց հատկացվում է ռեսուրսների 11.3 տոկոսը` վերին երկու քվանտիլների բնակչության կազմում են: Նախարարությունը շարունակել և ավելի ինտենսիվ է դարձրել ընտանեկան նպաստների տեղեկատվական բազայի տվյալները պետական կառավարման մարմինների այլ տեղեկատվական բազաների տվյալների հետ համադրման աշխատանքները, որոնց արդյունքում հնարավորինս նվազեցվում են նպաստների ոչ հասցեական նշանակումները:

  1. Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացի մեկնարկ

Տարվա ընթացքում կատարված աշխատանքները միտված են եղել կենսաթոշակային բարեփոխումների իրականացման գործընթացի մեկնարկի իրավական հենքի ապահովմանը: Շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ մեծածավալ աշխատանքներ են տարվել կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող օրենքների նախագծերի փաթեթի (49 նախագիծ) լրամշակման ուղղությամբ (ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի 2010թ. դեկտեմբերի 22-ի նիստում): 2011թ.-ից կսկսի գործել կամավոր կենսաթոշակային ապահովագրության համակարգը, ներկայիս կենսաթոշակառուների համար` կենսաթոշակների վճարման կանխիկ և անկանխիկ եղանակները, կձևավորվի անհատական հաշվառման տեղեկատվական համակարգը, կմշակվեն համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերը, ինչն էլ հնարավորություն կտա 2014թ.-ից գործարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:

ՀՀ կառավարության որոշմամբ 2010թ. նոյեմբերի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը 8000 դրամի փոխարեն սահմանվել է 10500 դրամ, որի արդյունքում կենսաթոշակի միջին չափն աճել է շուրջ 11%-ով:

  1. Ժողովրդագրական իրավիճակի բարելավում

Կատարված աշխատանքների արդյունքում տարեցտարի ավելի առարկայական է դառնում կապը ժողովրդագրական իրավիճակի բարելավման ամենամյա տարեկան ծրագրի միջոցառումների և 2009թ. ՀՀ կառավարության հաստատած Ժողովրդագրական քաղաքականության 2009-2035թթ. ռազմավարության դրույթների միջև: Մշակվել և ՀՀ Կառավարության քննարկմանն են ներկայացվել համապատասխան որոշումների նախագծերը:

  1. Աշխատանքային օրենսդրության բարելավում

2010թ. հունիսի 24-ին ընդունվեց Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթը: Կատարված օրենսդրական փոփոխությունները նպատակ ունեն ՀՀ աշխատանքային օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային իրավունքի նորմերին, լուծել աշխատանքային օրենսգրքի ընդունումից հետո իրավակիրառական պրակտիկայում առաջ եկած խնդիրները: Փաթեթում ընդգրկված դրույթները նպատակաուղղված են նաև Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը և արդյունքում` տնտեսական աճի խթանմանը: Վերացվել է գործատուների կողմից ՀՀ աշխատանքի պետական տեսչությանը տարեկան հաշվետվություն ներկայացնելու պահանջը:

Իրականացված ծրագրերն ու միջոցառումները` ըստ ոլորտների

 Աշխատանք և զբաղվածություն: 2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ գործազրկության մակարդակը կազմել է 6.9 %, տարեսկզբի 7.1 %-ի փոխարեն: Աշխատանք փնտրողների թիվը 93555 է, որից 79237‑ն ստացել է գործազուրկի կարգավիճակ: Աշխատանքի է տեղավորվել 11315 անձ, որոնց 26.2%-ը երիտասարդներ են: Գործազրկության նպաստ ստանալու իրավունք է ձեռք բերել 27764 գործազուրկ: Նպաստառու գործազուրկների թիվն ամսական հաստատված 21000-ի փոխարեն կազմել է 24546` 3546 անձով ավելի: “Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում” ծրագրում ընդգրկվել է 6254 անձ, 314 համայնք, իրականացվել է 457 ծրագիր:

ՀՀ աշխատանքի պետական տեսչություն: Իրականացվել է 97 ուսումնասիրություն, 586 ստուգում: Հայտնաբերվել է անօրինական աշխատանքի 560 դեպք, արձանագրվել է 457 մլն 667 հազ. դրամի չվճարված աշխատավարձ, նշանակվել է 138 մլն 759 հազ. դրամ վարչական տուգանք: Ստացվել է 449 դիմում-բողոք, որից 333 դիմումատուի խախտված իրավունքներ վերականգնվել են:

Կենսաթոշակային ապահովություն: 2011թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է եղել 519828 կենսաթոշակառու, այդ թվում ապահովագրական` 464753, սոցիալական` 50888, շարքային կազմի զինծառայության հետ կապված` 8017 կենսաթոշակառու (թիվը չի ներառում ՊՆ, ոստիկանության (ՆԳՆ), դատախազության, այլ համակարգերի կենսաթոշակառուներին), որից կրկնակի` 3830-ը: Կենսաթոշակի միջին չափը կազմել է 28700 դրամ:

Սոցիալական աջակցություն: 2010թ. ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 138000 ընտանիքներից ընտանեկան նպաստ ստացել են ամսական միջինում 105005-ը, նպաստի միջին չափը (վերջին 8 ամիսներին) կազմել է 26850 դրամ: 2010թ. մայիսի 1-ից բազային նպաստի չափը բարձրացվել է 3500 դրամով: Երեխայի ծննդյան միանվագ նպաստ է տրվել 43033, այդ թվում` ընտանիքում ծնված երրորդ և հաջորդող 6662 երեխայի համար, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար` 9844 ընտանիքի, զոհված` Հայաստանի ազգային հերոսի և Մարտական խաչ շքանշանով պարգևատրված 80 ընտանիքի: Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը դրամական ավանդ ներդրած անձանցից փոխհատուցում վճարվել է մինչև 34124 հերթական համարում ներառված անձանց: 2010թ. հունիսից սկսվել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններին ավանդների դիմաց փոխհատուցման վճարումները: Ավանդի փոխհատուցում ստանալու համար հաշվառվել են 2569 վետերան, որոնցից 2416 վետերան ստացել են իրենց փոխհատուցումները` ընդհանուր 545 մլն դրամի չափով:

Հաշմանդամների և տարեցների հիմնահարցեր: 2011թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է 186983 հաշմանդամ: Փորձաքննվել է 17242 անձ, հաշմանդամ է ճանաչվել 15708-ը: Վերականգնողական բուժում է ստացել 1071 հաշմանդամ, հատկացվել է 17689 պրոթեզաօրթապեդիկ և վերականգնողական պարագա: Տարվա ընթացքում շարունակվել է 1034 տարեցների խնամքը համակարգի 4 տուն-ինտերնատներում, անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանում սպասարկվել են շուրջ 450 անձ: Պետական աջակցության շրջանակներում (211.3 մլն դրամ) ապահովվել է շուրջ 5500 տարեց և հաշմանդամ քաղաքացիների խնամքի ու սպասարկման ծառայությունների տրամադրումը: Վարկ է տրամադրվել բռնադատված 41 քաղաքացու:

Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցեր: Համակարգի 7 մանկատներում խնամվել է 791, գիշերօթիկ 8 հաստատությունում` 784 երեխա: Ցերեկային հոգածության 2 կենտրոններում ծառայություն է մատուցվել 200 երեխայի: “Խնամատար ընտանիք” ծրագրի շրջանակներում մանկատան 23 երեխա խնամվում է 20 ընտանիքում: Կենտրոնացված հաշվառման է վերցվել  որդեգրման ենթակա 179 երեխա, 385 որդեգրողների թեկնածու, որդեգրվել է 69 երեխա: Կենտրոնացված հաշվառման է վերցվել առանց ծնողական խնամքի մնացած 324 երեխա: