Մայիսի 3-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ նախարարին կից կոլեգիայի նիստը, որի ընթացքում քննարկվեցին “Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագիծը, 2011-2013թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) հայտը:
Օրակարգի առաջին հարցի մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թ. Ավետիսյանը: Նա ներկայացրեց գործող օրենքում կատարված փոփոխությունները, մասնավորապես` գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող, աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցումը, մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ, գործատուի մոտ հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցման աջակցումը: Հստակեցվել է մեկից ավելի անգամ գործազուրկի կարգավիճակում գտնվող անձանց գործազրկության նպաստ ստանալու հարցը: Կոլեգիայի անդամների կողմից եղան հարցադրումներ, որոնց տրվեց հանգամանալից պատասխան:
Օրակարգի երկրորդ հարցը ներկայացրեցին աշխատակազմի վերահսկողության և սոցիալական մոնիթորինգի վարչության պետ Մ. էլբակյանը, բաժնի պետ Ռ. Պետրոսյանը և ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Է. Գևորգյանը:
Ներկայացվեց 2011-13թթ. ՄԺԾԾ հայտը, իրավիճակի նկարագրությունը, հիմնական խնդիրները, ոլորտի նպատակները և գերակայությունները, ծախսային ծրագրերը 2010թ. հաստատված հայտի հետ համեմատությամբ: Այս հարցի հետ կապված ևս եղան առաջարկություններ, որոնք հաշվի կառնվեն 2011թ. բյուջետային հայտի քննարկման ժամանակ:
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ` հաշվի առնելով ՀՀ արդարադատության, կրթության և գիտության նախարարությունների, ՀՀ Կառավարության հանրային կառավարման հարցերով խորհրդատվական խմբի, ինչպես նաև կոլեգիայի ընթացքում հնչեցված կարծիքները, որոշվեց լրամշակել “Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագիծը և սահմանված կարգով լրամշակված տարբերակը ներկայացնել ՀՀ Կառավարություն:
Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա որոշվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2011-2013թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի (ՄԺԾԾ) հիման վրա ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված չափաքանակների վերաբերյալ առարկություններում հաշվի առնել նաև կոլեգիայի ընթացքում ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները: