Համաժողով Ծաղկաձորում

0
74

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակի աջակցությամբ Ծաղկաձորում կազմակերպեց “Գենդերային քաղաքականությունը Հայաստանում” թեմայով համաժողով: Մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և այլ պետական գերատեսչությունների պատասխանատուներ, ՀՀ մարզպետարանների երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետեր, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Ողջունելով  համաժողովի մասնակիցներին` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը շնորհակալություն հայտնեց բոլոր գերատեսչությունների և համագործակցող կողմերի ներկայացուցիչներին` գենդերային քաղաքականության իրականացման, իրավական փաստաթղթերի ստեղծմանն աջակցելու համար: Նա նշեց, որ 2010թ. փետրվարին ՀՀ կառավարությունը հաստատել է “Գենդերային քաղաքականության հայեցակարգը”, որին հաջորդելու է 2011-2015թթ. միջոցառումների ծրագրի մշակումը:
“Գենդերային խտրականությունը, կանանց և տղամարդկանց ռեսուրսների և հնարավորությունների անհամաչափ հասանելիությունը, քաղաքականության մեջ և որոշում կայացնելու մակարդակներում նրանց անհամամասնությունը հասարակության առաջընթացի լուրջ խոչընդոտ են: Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին ձեռնարկել է լուրջ քայլեր գենդերային հավասարության ապահովման, բռնության վերացման ուղղությամբ, որոնք համահունչ են ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության ստեղծման քաղաքականությանը: Հուսով եմ` քննարկումների արդյունքում կկարողանանք վեր հանել ոլորտի խնդիրները և առաջադրել դրանց լուծման ուղիները, որոնք կամփոփվեն համաժողովի առաջարկությունների փաստաթղթում”,- իր խոսքում նշեց պարոն Բերիկյանը:
ՀՀ կառավարության 2008-2012թթ. գործունեության ծրագրում գենդերային հավասարության ապահովումն ամրագրվել է որպես գերակա ուղղություն: Երկրի զարգացմանն ուղղված հիմնական փաստաթղթում` ԱՀՌԾ-ի նոր նախագծում ևս ներառվել է գենդերային հիմնախնդիրը:
Գենդերային հավասարությանն ուղղված հիմնական ծրագիրը, որը ներակայումս իրականացվում է, 2004թ. ՀՀ կառավարության կողմից հաստատված 2004-2010թթ. Կանանց վիճակի բարելավման Ազգային ծրագիրն է: Այն ուղղված է կանանց իրավական, սոցիալ-տնտեսական, առողջապահական, կրթական և մշակութային հիմնահարցերի լուծմանը, բռնության կանխարգելմանը և ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծմանը:
Ազգային ծրագրով նախատեսված 2004-2009թթ. ընթացքում իրականացված միջոցառումների և ձեռքբերումների մասին զեկուցեց նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լ. Ղազարյանը: Ըստ զեկուցողի` աշխատանքները հիմնականում իրականացվել են կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման, կանանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, կրթության ոլորտում գենդերային քաղաքականության ներուղղման, կնոջ նկատմամբ բռնության երևույթի վերացման, ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ: Սակայն դեռևս կան Ազգային ծրագրով նախանշված չլուծված խնդիրներ, որոնց շարունակականությունն ապահովելու նպատակով մինչև տարվա վերջ կմշակվի և ՀՀ Կառավարություն կներկայացվի 2011-2015թթ. ռազմավարական ծրագիրը:
“Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա” հասարակական կազմակերպության նախագահ Ջեմմա Հասրաթյանը ներկայացրեց “Գենդերային քաղաքականության հայեցակարգի” իրականացման հիմնական սկզբունքները, նպատակները, խնդիրները, ռազմավարությունը կառավարման ոլորտում, որոշումների ընդունման մակարդակում, առողջապահության, կրթության, սոցիալ-տնտեսական, մշակութային, հանրային տեղեկատվության բնագավառներում:
“Կառավարման բարձր օղակներում, մարզերում, քաղաքներում, գյուղերում կանանց մասնակցությունը ընտրություններին և հասարակական կյանքին ցածր տոկոս է կազմում: Հայաստանում զգալի է կանանց ներուժը, որի նպատակաուղղված օգտագործումը ինչպես քաղաքական կուսակցություններում կնոջ դերի բարձրացման ու կադրերի ճիշտ ընտրության գործում, այնպես էլ ընտրություններին մասնակցության իրավունքի հարցում կնպաստի երկրում շատ ու շատ խնդիրների արդյունավետ լուծմանը”,- նշեց բանախոսը:
Համաժողովում ներկայացվեց նաև “Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին” ՀՀ օրենքի նախագիծը, որի մշակման աշխատանքներին մասանակցել են Ազգային Ժողովի պատգամավորներ, գործադիր մարմինների ներկայացուցիչներ: Օրենքի հիմնական նպատակն է կարգավորել տարբեր ոլորտներում (կրթություն, առողջապահություն, մշակույթ, սոցիալ-տնտեսական) առկա գենդերային հիմնախնդիրը, գենդերային հավասարության երաշխիքները, ամրագրել կանանց և տղամարդկանց հավասարությունը հասարակությունում:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Ջինա Սարգիզովան ներկայացրեց 2008թ. ապրիլից գործող “Գենդերային բռնությունը Հարավային Կովկասում” ծրագիրը, որի շրջանակներում տարածաշրջանի երկրներում (Վրաստան, Հայաստան, Ադրբեջան) կազմակերպվել են հանդիպումներ, իրականացվել է օրենսդրության գենդերային փորձաքննություն և բռնության երևույթի բացահայտմանն ուղղված հետազոտություն:
Համաժողովի ընթացքում քննարկվեց նաև “Գենդերային քաղաքականության 2011-2015թթ. միջոցառումների ծրագրի” մշակման գործընթացը: Հարցի կապակցությամբ ելույթ ունեցավ նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ, կանանց հիմնահարցերի բաժնի պետ Ա. Թանաշյանը: Վերջինս առաջարկեց միջոցառումների մշակման համար միասնական ձևաչափեր, բարձրացրեց ծրագրի իրականացման գործընթացի պատասխանատուների նշանակման, մոնիտորիգի մեխանիզմի և ժամանակացույցի սահմանման հարցերը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց մինչև ս/թ. հունիս ամիսը ռազմավարական ծրագրի և օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ և դիտարկումներ, որոնք կնպաստեն գենդերային քաղաքականության խնդրին վերաբերող իրավական փաստաթղթերը դարձնել առավել նպատակային, համակարգված և կիրառելի: