Քննարկվել են հաշմանդամություն ունեցող օդաչուների խնդիրները

0
246
????????????????????????????????????

Օգոստոսի 7-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ընդունել է «ՀՀ քաղավիացիայի հաշմանդամ օդաչուներ» հասարակական կազմակերպության անդամներին ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցչին: Հանդիպման նպատակն էր քննարկել աշխատավայրում դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքի իրացման հետ կապված խնդիրները:

2004 թվականից լուծարված կազմակերպությունների վնասի հատուցման իրավունք ունեցող և այդ գումարները չստացած անձինք զրկվել են աշխատավայրում դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքից: Այս հարցը բազմիցս բարձրաձայնվել է նրանց կողմից և ուղղվել խնդրի լուծմամբ զբաղվող պատկան մարմիններին:

Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ ծանոթ է բարձրացված խնդրին, իրավիճակին, պատմությանն ու մինչ այսօր տեղի ունեցած գործընթացներին: «Շատ կարևոր է ինձ համար ամբողջությամբ հասկանալ Ձեր խնդիրը: Պարզ է, որ տարբեր իրողությունների պատճառով դուք հայտնվել եք այս իրավիճակում, սակայն խնդրի լուծումը պետք է լինի բացառապես իրավական ճանապարհով»,- հավելել է Մանե Թանդիլյանը:

Հաշմանդամություն ունեցող օդաչուները մանրամասնորեն նախարարին ներկայացրել են խնդրի էությունը, իրականացված դատական գործընթացները և հարցի լուծման իրենց տարբերակները: Նրանք առաջարկել են որոշակի ժամկետով սառեցնել նախկին գումարները, իսկ ներկա  պահին տրվող գումարների տրամադրման գորընթացը դարձնել իրատեսական:

Մանե Թանդիլյանն ակնածանքով նշել է նրանց վաստակի և կատարած աշխատանքի կարևորությունը և հավաստել, որ մտահոգիչ խնդրի գործընթացները պետք է արագացնել: «Ես կարծում եմ, որ խնդրի լուծումը կապված է հիմնականում ֆինանսական բաղադրիչի հետ և հարցի վերջնական լուծումը պետք է դիտարկենք այդ համատեքստում»,-ընդգծել է նախարարը: