Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն օգոստոսի 7-ին հյուրընկալել է Վանաձորի մանկատանը խնամվող երեխաներին: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով մանկատուն կատարած այցի ընթացքում նախարարը սաներին էր նվիրել մանկական զարգացնող խաղ և հրավիրել նախարարություն, երբ խաղն արդեն ամբողջությամբ հավաքված կլինի: Վանաձորից ժամանած 13 պատանիները հունիսին ստացած նվերն այսօր նախարարին էին վերադարձրել արդեն նկարի տեսքով։
Ողջունելով հյուրերին՝ Մանե Թանդիլյանը նշել է, որ ուրախ է նրանց տեսնել այն կառույցում, որն ի պաշտոնե և իր գործառույթներով պարտավոր է ապահովել բոլոր երեխաների պաշտպանությունը: «Պետությունն ունի պարտավորություններ և պետք է դրանք անպայման կատարի, բայց միևնույն ժամանակ մենք՝ որպես քաղաքացի, պետք է օգնենք նրան իր գործառույթները լիարժեք իրականացնելու գործում: Միասին պետք է ստեղծենք ու ամրապնդենք այնպիսի պետություն ու երկիր, որտեղ յուրաքանչյուր ոք ցանկություն կունենա արարելու և ապրելու»,- հավելել է նախարարը:
Անդրադառնալով հայրենասիրությանն ու հանրային բարիք ստեղծելուն՝ Մանե Թանդիլյանն ընդգծել է, որ պետությունը պետք է կարողանա ապահովել այն միջավայրը, որտեղ հայրենասիրությունը կապիտալիզացվում է և դառնում բարիք: Հանրային բարիքը անշոշափելի երևույթ է, որից հասարակության յուրաքանչյուր շերտ ստանում է իր բաժինը:
Մանկատանը խնամվող երեխաներին նախարարը հորդորել է ակտիվ մասնակցություն ունենալ իրենց կյանքի որակի բարելավմանն ուղղված որոշումների կայացման գործընթացում: Հավաստել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ևս իր գործառույթների շրջանակում օգնում է մարդկանց ուժեղացնելու իրենց կարողություներն ու հմտությունները, հավատալու իրենց ուժերին և ստեղծելու արժանապատիվ ապրելու բոլոր նախադրյալները:
Այնուհետև, նախարարը հետաքրքրվել է երեխաների առօրյայից, զբաղմունքներից, ձեռքբերումներից ու հետագա անելիքներից: Սաները հաճույքով պատմել են իրենց ծրագրերի, ինչպես նաև մտահոգությունների և խնդիրների մասին:
Զրույցից հետո նախարարը սաների հետ միասին իր աշխատասենյակում փակցրել է արդեն նկարի տեսք ստացած զարգացման խաղը: Հանդիպման ավարտին նախարարն որպես անակնկալ սաներին առաջարկել է օրն ավարտել կինոդիտումով: