ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր

0
105

2009թ. փետրվարի 18-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը և «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մարկ Քելլին կնքեցին փոխըմբռնման նոր հուշագիր` 2005թ. ապրիլին սկիզբ առած «Հատուկ պաշտպանության կարիք ունեցող երեխաները Հայաստանում» ծրագրի շրջանակներում համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ: Նոր հուշագրով կողմերը պարտավորվում են շարունակել և ընդլայնել համագործակցությունը, որի նպատակներն են. երեխաների խոցելի խմբերի պաշտպանության մեխանիզմների բարելավումն ու զարգացումը, մանկալքության առաջնային կարխարգելումը և այնուհետ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հատուկ հաստատություններում տեղավորման հնարավորինս կանխարգելումը, հատուկ հաստատություններում գտնվող երեխաների իրավունքների արդյունավետ պաշտպանությունն ու նրանց բարեկեցության ապահովումը, կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումն ու նրանց նկատմամբ հնարավոր խտրական վերաբերմունքի վերացումը:

Սահմանվում են նաև երկկողմ պարտավորություններ, այդ թվում` «Վորլդ Վիժն» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը սոցիալական գործընկերության հիմունքներով կմասնակցի նախարարության կողմից երեխաների պաշտպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումների իրականացմանը, կշարունակի մասնագիտական աջակցության ցուցաբերել և վերահսկել 6 մարզերում և Երևանում ստեղծված համայնքային կենտրոններին` ապահովելով երեխաների շահերի պաշտպանությանն ուղղված համայնքային ծառայությունների գործունեությունը, կաջակցի նախարարությանը` խոցելի խմբերի երեխաների սոցիալական պաշտպանության արդյունավետ մեխանիզմների մշակման և կիրառման հարցերում:
Նախարարության աշխատակիցների կարողությունները հզորացնելու նպատակով կկազմակերպվեն դասընթացներ, ճանաչողական այցեր: Նախարարությունը կաջակցի նշված ծրագրի արդյունավետ իրականացմանը, կապահովի համայնքային կենտրոնների և շահագրգիռ սոցիալական կառույցների համագործակցությունը` կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների հայտնաբերման, բազմակողմանի հետազոտման գործում: Հուշագիրը կգործի մինչև 2012թ. դեկտեմբերի 1-ը:
Ստորագրելով հուշագիրը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Համբարձումյանը նշեց, – «Սա պետություն-հասարակական կազմակերպություններ գործընկերության լավ ավանդույթի վկայությունն է: Այս հուշագրով պատրաստակամություն ենք հայտնում շարունակելու մեր համագործակցությունն այն ակնկալիքով, որ այս փուլում ևս արդյունքները կլինեն առարկայական»: Պարոն Քելլին շեշտեց, որ «Վորլդ Վիժն»-ն իր բոլոր ծրագրերն իրականացնում է համագործակցության միջոցով և Հայաստանում ունի մեկ նպատակ` նպաստել երեխաների հիմնախնդիրների լուծմանը:
Հանդիպման վերջում նախարարը կազմակերպության ղեկավարին երկարատև և արդյունավետ համագործակցության համար պարգևատրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 90-ամյակի հուշամեդալով: