Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունների համագործակցության շրջանակներում ՆՈՐՔ տեղեկատվավերլուծական կենտրոնը շարունակում է Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված ակտիվ գործընթացը։ Այդ նպատակով կազմակերպության ներկայացուցիչները ս.թ. փետրվարի 9-ից 11-ը մեկնել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Հերթական այցի ընթացքում հիմնական գործընկեր հանդիսացող ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության հետ քննարկվել են ընթացող ծրագրերը, որոշումներ կայացվել նոր ծրագրերի շուրջ։ Այժմ ընթացքի մեջ են թվով 8 ծրագրեր, որոնց ներդրման աշխատանքները կամփոփվեն մինչև ապրիլ, որից հետո ԼՂՀ գերատեսչությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և կիրառման մակարդակով գրեթե չի զիջի Հայաստանի գործընկերոջը։
Առաջիկայում ԼՂՀ-ում կբացվի կենտրոնի գրասենյակը, որն այս համագործակցության գործընթացը կդարձնի առավել արդյունավետ։