Հաշվետվություն ՀՀ աշխատանքի պետական տեսչության 2008 թվականի գործունեության վերաբերյալ

0
111

ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը ստեղծվել է 2004 թվականին: Հիմնական գործառույթը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնելն է գործատուների կողմից ՀՀ աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահպանման նկատմամբ:
Տեսչությունն ունի 149 հաստիք, որոնցից 131-ը քաղաքացիական ծառայության պաշտոններ են: Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է կենտրոնական ապարատի, 10 մարզային և Երևանի տարածքային կենտրոնների միջոցով:
2008թ. ընթացքում ՀՀ աշխատանքի պետական տեսչության բոլոր ստորաբաժանումների կողմից կազմակերպվել է օրական ավելի քան 100 քաղաքացիների ընդունելություն և հեռախոսազանգերի պատասխանում, յուրաքանչյուր դիմող ստացել է անհատական խորհրդատվություն: 2008 թվականի ընթացքում գործատուների, արհմիությունների համար տեսչությունում և տարածքային կենտրոններում իրականացվել է աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման վերաբերյալ 246 սեմինար-խորհրդատվության: Սեմինարներ են անցկացվել ՀՀ բանկերի միության արհմիութենական կազմակերպությունում, ՀԱՄԿ-ի ճյուղային արհմիություններում, ՀՀ պաշտպանության նախարարությունում, հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայում, հանրապետության բոլոր մարզերում, Երևան քաղաքի տարբեր համայնքներում:
2008 թվականի ընթացքում ՀՀ աշխատանքի պետական տեսչության բոլոր ստորաբաժանումներում ներդրվել է ՙԱշխատանք՚ ծրագիրը, կատարվել է ծրագրի փորձարկում: Համադրելով իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, պետական եկամուտների կոմիտեի, ինչպես նաև տեսչության կողմից իրականացված ստուգման արդյունքները և գործատուների կողմից ներկայացված տարեկան հաշվետվությունները, ստեղծվել է տվյալների միասնական աշխատանքային բազա: Տեսչության կողմից մշակվել և աշխատանքի պետական տեսուչներին է տրամադրվել մեթոդական ուղեցույց ստուգումների կազմակերպման և անցկացման վերաբերյալ, որում ընդգրկված են տեսչության բոլոր գործառույթները, դրանց կատարման նկատմամբ հսկողության մեխանիզմները:
Աշխատանքներ են տարվել տեսչության գործունեությանն առնչվող իրավական ակտերի և աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման հիմնական կանոնները հաստատող նորմատիվների մշակման ուղղությամբ:
2008 թվականի ընթացքում ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը քաղաքացիներից ստացել է աշխատանքային օրենսդրության խախտումներին առընչվող ավելի քան 615 դիմում-բողոք, որոնցում առկա բավարար հիմքերի հիման վրա իրականացվել են ըստ անհրաժեշտության ստուգումներ, հարուցվել է վարչական վարույթ ՙՎարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին՚ ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, ընդունվել են վարչական ակտեր խախտված իրավունքների վերականգնման նպատակով:
2008 թվականի ընթացքում իրականացվել է 3.050 տեսչական ստուգում, որից` 2.820 ծրագրային և 230` ըստ անհրաժեշտության: Ստուգումների արդյունքում կազմվել է 2.812 ակտ և 101 տեղեկանք, նշանակվել է 278.556.947 ՀՀ դրամ վարչական տուգանք: Աշխատանքի պետական տեսչություն տարեկան հաշվետվություն չներկայացնելու համար 386 գործատուի նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք 7.720.000 դրամի չափով, ընդամենը 2008 թվականի ընթացքում նշանակվել է 286.276.947 դրամ վարչական տուգանք: Ստուգում իրականացնելու անհնարինության վերաբերյալ ներկայացվել է 137 զեկուցագիր: 2008 թվականի ընթացքում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված ՀՀ աշխատանքային օրենսդրության, աշխատողների խախտված իրավունքները վերականգնելու և դրանք հետագայում կանխարգելելու նպատակով գործատուներին է ներկայացվել 190 միջնորդագիր և պարտադիր կատարման հանձնարարագիր:
Ստուգումների արդյունքում արձանագրվել է աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտման ավելի քան 6.500 դեպք, որից 5.848-ի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ:
Արձանագրված իրավախախտումները, որոնց համար կիրառվել է վարչական տույժ, ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը.

  • աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտման 328 դեպք,
  • առանց աշխատանքային պայմանագրի կնքման, կամ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի պահանջների խախտումներով կազմած աշխատանքային պայմանագրի հիման վրա կատարվող աշխատանք` 3.409 դեպք, որից 170-ը` առանց աշխատանքային պայմանագրի կնքման, նշանակվել է վարչական տուգանք 161.950.000 ՀՀ դրամի չափով,
  • առևտրի և սպասարկման ոլորտում աշխատողի կողմից անվանաքարտ չկրելու 1.056 դեպք, նշանակվել է վարչական տուգանք 52.800.000 դրամի չափով,
  • աշխատանքային պայմանագրերը սահմանված ժամկետում գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում չգրանցելու կամ խախտումով վարելու 294 դեպք, նշանակվել է վարչական տուգանք 5.880.000 դրամի չափով,
  • գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելու կամ սահմանված ժամկետում չվճարելու 277 դեպք, նշանակվել է վարչական տուգանք 45.332.610 դրամի չափով, վերականգնվել է 181.330.440 դրամ չվճարված աշխատավարձ,
  • առանց անձնագրի և առանց սոցիալական ապահովության քարտի համարի ներկայացման աշխատանքի ընդունման 8 դեպք, նշանակվել է վարչական տուգանք 160.000 դրամի չափով,
  • աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը խախտելու 63 դեպք, վարչական տուգանք` 3.150.000 դրամի չափով:

2008 թվականի մարտի 1-ի դրությամբ գործատուներից աշխատողների թվի, դժբախտ դեպքերի, մասագիտական հիվանդությունների և աշխատավարձի վերաբերյալ ընդունվել է 44.245 հաշվետվություն: ՀՀ աշխատանքի պետական տեսչություն է ներկայացվել 27 դժբախտ դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն և օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց վերաբերյալ անցկացված ծառայողական քննության նյութեր:
Համակարգի կայացման նպատակով մեծ ուշադրություն է դարձվում աշխատակազմի մասնագիտական վերապատրաստմանը և կառույցի տեխնիկական վերազինմանը: Զարգանում է արդյունավետ համագործակցություն այլ պետությունների նմանատիպ կառույցների հետ: 2007 թվականի դեկտեմբերից ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը Աշխատանքի միջազգային կազմակերպության անդամ է, իսկ 2008 թվականի հունիսից Ասոցիացիայի խորհրդաժողովներին մասնակցում է ձայնի լիիրավ իրավունքով: 2008 թվականի նոյեմբերին Ռիգայում անցկացված Աշխատանքի միջազգային կազմակերպության համաժողովում քննարկվել և դրական լուծում է ստացել ՀՀ աշխատանքի պետական տեսչության անդամագրումը Եվրոպայի 15 երկրների կողմից ստեղծված աշխատանքի տեսչությունների ալյանսին, որը կնպաստի փորձի փոխանակման արդյունավետության բարձրացմանը, մասնավորապես` աշխատանքի առողջ և անվտանգ միջոցառումների կազմակերպման և ներդրման գործում:
2006 թվականից գործող ՀՀ աշխատանքի պետական տեսչության ինտերնետային կայքը www.apt.am 2008 թվականի դեկտեմբերից ամբողջությամբ վերափոխվել և համալրվել է նոր էջերով:
Սահմանված ժամկետում կազմվել և ներկայացվել են տեսչության գործունեության վերաբերյալ ամենամսյա ամփոփ հաշվետվություններ, դրանք տեղադրվել են նախարարության ինտերնետային կայքում: