ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության “Նորք” տեղեկատվավերլուծական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը, երկու նախարարությունների պատասխանատու աշխատակիցներ: Հանդիպման նպատակը երկու “Նորք” կենտրոնի կողմից շահագործվող տեղեկատվական շտեմարանների ներկայացումը և երկու նախարարությունների միջև տեղեկատվության փոխանակման խնդիրները քննարկելն էր:
Կենտրոնի տնօրեն Հ. Չոբանյանը ներկայացրեց կազմակերպության առաքելությունը, գործառույթները, 13 շտեմարաններում պարունակվող տեղեկատվության բովանդակությունը, առցանց եղանակով տեղեկատվության փոխանակման գործընթացի առավելությունները: “Այս համակարգի առավելությունն այն է, որ տեղեկություն կարելի է ստանալ ոչ միայն սոցիալական պաշտպանության ոլորտում, այլ մեկ հարցմամբ հնարավոր է տարբեր գերատեսչությունների բազաներից ստանալ մեծ ծավալի տեղեկատվություն` առաջին աղբյուրից, ամենօրյա թարմացմամբ”:
“Հիացած եմ կատարված աշխատանքով: Ճգնաժամային կառավարման կենտրոնում ունենալու ենք տվյալների շտեմարան, որպեսզի կարողանանք արտակարգ իրավիճակների դեպքում գործել հասցեական, արագ և արդյունավետ: Մեզ հետաքրքրում են դպրոցները, բազմաբնակարան շուրջ 4500 շենքերի բնակչության թիվը, սեռատարիքային կազմը, հաշմանդամների և մյուս խոցելի խմբերի առկայությունը և հրաշալի է, որ դուք ունեք այդ տվյալները”,-նշեց արտակարգ իրավիճակների նախարարը:
“Նախաձեռնության հեղինակը պարոն Երիցյանն է: Ճգնաժամային կառավարման կենտրոն իմ այցելությունից հետո համոզվեցի, որ մենք կարող ենք տեղեկատվության արդյունավետ փոխանակում իրականացնել: Մենք ունենք ժամանակակից պահանջները բավարարող շտեմարաններ, և բացթողում կլիներ, եթե մեր ունեցած տեղեկատվությունից արտակարգ իրավիճակների նախարարությունը չօգտվեր”,- ասաց պարոն Գրիգորյանը:
Նախարարների առաջարկությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, որը կհստակեցնի անհրաժեշտ տեղեկատվության ծավալը, փոխանակման մեխանիզմները, ժամկետները: Ակնկալվում է, որ ԱԻ նախարարության համակարգին միանալու աշխատանքները կավարտվեն նախքան ճգնաժամային կառավարման կենտրոնի նոր շենքի շահագործումը, որը նախատեսված է այս տարվա սեպտեմբերի 4-ին: