ԵԱՀԿ նորանշանակ դեսպանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

0
98

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:

Նախարարը շնորհավորեց հյուրին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նկատի ունենալով այցի ճանաչողական բնույթը` հանգամանորեն ներկայացրեց նախարարության գործառույթները, ոլորտի բարեփոխումները:

“Սոցիալական պաշտպանության ոլորտին տրամադրվող միջոցները մեր երկրի պետական բյուջեի շուրջ երեսուն տոկոսն են կազմում: Դա պատկառելի մաս է, սակայն միջազգային կազմակերպությունների աջակցությունը ևս անչափ կարևոր է: Ձեր կառույցի հետ մեր համագործակցությունը եղել է հիմնականում թրաֆիկինգի դեմ պայքարի և գենդերային հավասարության ոլորտներում, սակայն լիահույս եմ, որ մյուս ոլորտներում ևս կարող ենք համագործակցության եզրեր գտնել: Սոցիալական պաշտպանության ոլորտում ձեռնամուխ ենք եղել լայնամասշտաբ բարեփոխումների, որոնցից կառանձնացնեի  կենսաթոշակային համակարգի, ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները: Սա այն ոլորտն է, որտեղ չի կարելի կանգ առնել, մենք միշտ պետք է առաջ գնանք”,- նշեց նախարարը:

“Մինչ Հայաստան ժամանելը ես ծանոթացել եմ ԵԱՀԿ կառույցների աշխատանքին տարբեր երկրներում և կարող եմ փաստել, որ երևանյան գրասենյակի աշխատանքը, համագործակցությունը պետական կառույցների և տեղի հասարակական միավորումների հետ նաև իմ գործընկերների կողմից ճանաչվել է լավագույնը: Մոտ ապագայում տեղի են ունենալու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալի և գլխավոր քարտուղարի այցերը Հայաստան, առաջարկում եմ պատրաստել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առաջարկությունների փաթեթ և քննարկել հետագա համագործակցության հարցերը: Նկատի ունենալով Ձեր ղեկավարած ոլորտի կարևորությունը, պատրաստ եմ իմ լիազորությունների շրջանակներում աջակցել Ձեզ”,- նշեց պարոն Սորոկինը:

Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր: Հանդիպումն անցավ ջերմ, կառուցողական մթնոլորտում:

SHARE
Previous article
Next article