ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ նախատեսում է մեծացնել 2018 թվականի բյուջեով նախատեսված հավաստագրերով տրամադրվող սայլակների և լսողական սարքերի քանակը։ Պատճառն այն է, որ հաշմանադամություն ունեցող անձանց համար նախատեսված սայլակների և լսողական սարքերի 2018 թվականի պետական բյուջեի միջոցներով նախատեսված հավաստագրերն այլևս սպառված են։
Նախատեսված քանակը ժամանակից շուտ սպառվել է, որովհետև աճել է այն մարդկանց թիվը, ովքեր աջակցող սարքերի տրամադրման ծառայությունից օգտվելու համար դիմում են առաջին անգամ։ Այսպես, 2018 թվականի ընթացքում առաջին անգամ դիմող անձանց տրամադրվել է նախատեսված լսողական սարքերի 75%-ը (833 լսողական սարք), իսկ սայլակների՝ 65%-ը (293 սայլակ):
Առաջին անգամ դիմողների թվի աննախադեպ աճը պայմանավորված է հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված սայլակների և լսողական սարքերի տրամդրման կարգի փոփոխությամբ։ Նոր կարգի համաձայն՝ ծրագրի շահառուներն ունեն սարքերի ընտրության անհամեմատ ավելի մեծ հնարավորություն․ եթե մինչև 2018 թվականը շահառուն կարող էր ընտրել պետական գնումների համակարգով տրամադրվող հինգ կամ վեց անվանում սայլակներից և երկու տեսակ լսողական սարքերից մեկը, ապա, այժմ քաղաքացին իրեն տրված հավաստագրով հնարավորություն ունի ընտրելու շուրջ յոթանասուն անվանում սայլակներից և շուրջ երեսուն անվանում լսողական սարքերից:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդեն մշակել և շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ, որի նպատակն է լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել մինչև տարեվերջ անհրաժեշտ լսողական սարքերի և անվասայլակների ձեռքբերման համար: Որոշման հաստատումից հետո անհրաժեշտ սարքերի տրամադրման գործընթացը կվերսկսվի, և ծառայությունից օգտվելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները իրենց անհրաժեշտ սարքերը ձեռք բերելու հնարավորություն կունեն։