ԿԱՅՈՒՆ ԸՆԹԱՑՔ ԴԵՊԻ ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ ԱՇԽԱՏԱՆՔ

0
97

2011թ. փետրվարի 8-ին, “Գոլդեն Պելես” հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև 2009 և 2010թթ. կնքված նամակ-համաձայնագրերի շրջանակներում իրականացված “Մասնագիտական կրթություն և ուսուցում” ծրագրի արդյունքների ամփոփումն ու նոր համաձայնագրի ստորագրման արարողությունը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան ստորագրեցին համաձայնագիր` գրանցված երիտասարդ գործազուրկների համար լայնածավալ վերապատրաստումների կազմակերպման, անցկացման, հետագա աշխատանքի տեղավորման վերաբերյալ` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի գյուղատնտեսական հատվածին:

Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը նախարարության հետ համատեղ (ՄԱԶԾ)` “Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) համակարգ” ծրագրի շրջանակներում վերջին երկու տարիներին կազմակերպել են կարճաժամկետ ուսուցողական ծրագրեր` գործազուրկներին տեղի աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով վերապատրաստելու համար: Գրանցված գործազուրկների մասնագիտական վերապատրաստումն ունի հստակ գործնական ուղղվածություն և ողջ կյանքի ընթացքում ուսուցման գործընթացի հետ մեկտեղ, կազմում է աշխատաշուկայում ակտիվ քաղաքականության անբաժանելի մասը: Սոցիալական ապահովության այլ գործիքների, մասնավորապես` հանրային աշխատանքների, ընտանեկան նպաստների, գործազրկության նպաստների ընդլայնման հետ միասին, մասնագիտական կրթությունն ու ուսուցումն (ՄԿՈՒ) ուղղված են Հայաստանի հասարակության առավել խոցելի շերտերին:

2011թ. ծրագիրը գյուղաբնակ ավելի քան 170 գործազուրկ երիտասարդներին հնարավորություն կտա բարձրացնել հմտությունները ներկայումս ներքին աշխատաշուկայում պահանջարկ ունեցող գյուղատնտեսական մասնագիտություններում:   Մասնագիտական վերապատրաստումները կտևեն երկուսից չորս ամիս` կախված ներկայացվելիք և մատուցվելիք ՄԿՈՒ պետական կրթական ծրագրերի բուն բովանդակությունից: ՄԱԶԾ-ն վերապատրաստվողներին կվճարի նաև ամսական կրթաթոշակ:

Աշխատանքի տեղավորմամբ առաջին մասնագիտական վերապատրաստումները մեկնարկել են 2009թ. օգոստոսին և համարվել հաջողված: Ծրագրին մասնակցել է 170 գործազուրկ, որոնց 75 տոկոսն արդեն իսկ տարբեր աշխատանքների են տեղավորվել երկրի ողջ տարածքում: Երկրորդ փուլում ընդգրկվել է 400 ուղղակի շահառու, որոնց 80 տոկոսն աշխատանքի տեղավորման առաջարկներ է ստացել:

Զարգացնելով դրական արդյունքները և ձգտելով ընդլայնել նախաձեռնության շրջանակներն ու ընդգրկել ավելի շատ գործազուրկների` Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակն առաջարկեց շարունակել գործազուրկներին ցուցաբերվող աջակցությունը և նախաձեռնեց ծրագրի երրորդ փուլը: ՄԱԶԾ-ի աջակցությունն ուղղված է ներկայումս լուրջ անկում ապրող գյուղատնտեսության հատվածում գործազրկության խնդրի լուծմանը:

“Սա ՄԱԶԾ-ի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև երկարատև և ռազմավարական գործընկերության ևս մեկ օրինակ է: Տարիների մեր համագործակցության հիմնական արդյունքը հասցեագրված, արագ և ճկուն արձագանքն է երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական մարտահրավերներին: Աղքատության նվազումը և հիմնական սոցիալ-տնտեսական ծառայությունների հասանելիության ապահովումը մարզերի բնակչության առավել խոցելի շերտերի համար ՄԱԶԾ-ի առաջնահերթ խնդիրներից են: Մենք գործում ենք ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակով, ինչը մեզ ցանկալի գործընկեր է դարձնում` աջակցելու ազգային կարողությունների երկարատև զարգացմանը: Ես համոզված եմ, որ ՄԱԶԾ-ի լավագույն փորձը մասնագիտական կրթության բնագավառում դրական ազդեցություն կունենա Հայաստանում մարդկային զարգացման վրա և կխթանի զբաղվածության ապահովման ուղղությամբ գործադրվող ջանքերը ողջ երկրում”,- հանդիպման ընթացքում նշեց ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան:

ՄԱԶԾ-ի ՄԿՈՒ ծրագրի, ՀՀ ԱՍՀՆ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության և մասնագիտական վերապատրաստում տրամադրող կազմակերպությունների միջև արդեն իսկ ձևավորվել է ամուր եռակողմ գործընկերություն, ինչը կարևոր նախապայման է ծրագրի երրորդ փուլի հաջող իրականացման համար: