պարբերաբար լինելու են քննարկումներ

0
102

ՀՀ Վարչապետի 7 փետրվարի 2011թ. թիվ 90-Ա որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը նշանակվել է ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար:

Փետրվարի 9-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը պարոն Ասատրյանին պետական ծառայության աշխատակազմին ներկայացնելով նշեց.

“Այս նշանակման անհրաժեշտությունը բխել է պարոն Ասատրյանի մասնագիտական գործունեությունից: Նա քաջատեղյակ է ոլորտի խնդիրներին, առանձնահատկություններին: Վստահ եմ, որ նրա ղեկավարությամբ կառույցը նոր թափ է ստանալու և ունենալու ենք նոր հաջողություններ: Ընտրելու ենք աշխատանքի նոր մոտեցումներ, ոճ, կարգ ու կանոն”:

Նախարարը նշեց նաև, որ այսուհետ պարբերաբար լինելու են քննարկումներ, որոնց նպատակը լինելու է ծառայությունում եղած խնդիրների քննարկումը և դրանց համապատասխան լուծումներ տալը:

Իր խոսքում նախարարն անդրադարձավ նաև ծառայության թվով 270 աշխատակիցներին, որոնց հետ խզվել էին աշխատանքային պայմանագրերը: “Նրանցից շատերն արդեն իսկ աշխատանքի են անցել վճարահաշվարկային կազմակերպություններում: Ընդունվել է կառավարության համապատասխան որոշում, համաձայն որի շուտով կվճարվեն ծառայության նախկին աշխատակիցների վերջնահաշվարկները”, – նշեց նախարարը:

Խոսելով կենսաթոշակների մասին, պարոն Գրիգորյանն ասաց, որ 2011թվականից ուժի մեջ են մտել կենսաթոշակների վճարման կանխիկ և անկանխիկ ձևերը, պայմանագրեր են կնքվել թվով 5 վճարահաշվարկային կազմակերպությունների և 12 առևտրային բանկերի հետ: Նախարարը կարևորեց կենսաթոշակների վճարման նոր համակարգի լուսաբանման աշխատանքները, ինչն անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ ճիշտ հասկանան, թե ինչ ձևով կարող են ստանալ իրենց կենսաթոշակը: “Փետրվարին կենսաթոշակների վճարման գործընթացը կարգավորվել է: Փետրվարի 9-ի դրությամբ Երևանի կենսաթոշակառուների շուրջ  70%-ը կամ 95 000 անձ արդեն ստացել են իրենց կենսաթոշակները, – ասաց նախարարը:

Պարոն Ասատրյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, նշեց,- “Ոլորտն ինձ համար նոր չէ: Աշխատանքյաին գործունեությունս սկսել եմ այս հիմնարկում և շուրջ 13 տարի է այս ոլորտում եմ: Ծառայության առջև ներկայումս ծառացած խնդիրներին պետք է արագ լուծումներ տրվեն, որպեսզի ծառայությունն իր հիմնական գործառույթները լավ կատարի` բարձրացնի մատուցվող ծառայությունների որակը: Աշխատանքներ շատ կան, որոնք վերաբերում են նաև նոր ընդունված օրենքների կիրարկմանը”: