Գումարվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը

0
125

2009թ. մարտի 25-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, հանձնաժողովի նախագահ Ա. Համբարձումյանը: Նիստի օրակարգում հետևյալ հարցերն էին`

  • հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների ապահովման գործընթացի մասին,
  • հաշմանդամների զբաղվածության խնդիրների, իրականացվող ծրագրերի և նախատեսվող միջոցառումների մասին,
  • “Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին” ՄԱԿ-ի Կոնվենցիայի վավերացման հետ կապված հարցերի մասին,
  • այլ հարցեր:

Օրակարգը հաստատելուց հետո առաջին հարցի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տրամադրեց նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ, հանձնաժողովի քարտուղար Ջ. Բաղդասարյանը: Նա ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմաններ ապահովելու ուղղությամբ կատարված աշխատանքները: Քննարկմանը մասնակցում էին նաև Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և ՀՀ քաղաքաշինության նախարարության բաժնի պետը: Քննարկման արդյունքում որոշվեց ազգային հանձնաժողովի անունից նամակներ ուղարկել ՀՀ քաղաքաշինության նախարարություն` սոցիալական նշանակության նոր շինություններում հաշմանդամների համար մատչելիություն ապահովելու խնդիրներին հատուկ ուշադրություն հրավիրելու, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության և ՀՀ առողջապահության նախարարություններին` գործող կրթական և առողջապահական հաստատություններում համապատասխան պայմաններ ապահովելու նպատակով: Առաջարկություններ եղան քաղաքային տրանսպորտի որոշ միջոցներ ևս տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կարիքներին հարմարեցնելու վերաբերյալ: Քաղաքապետարսնի պատասխանատուն հանձն առավ հանձնաժողովում բարձրացված հարցի և առաջարկվող տարբերակների մասին տեղեկացնել Երևանի քաղաքապետին: Օրակարգի երկրորդ հարցի մասին զեկուցեց “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության պետ Ս. Հարությունյանը: Նա ներկայացրեց զբաղվածության ոլորտի այն ծրագրերը, որոնք նախատեսված են հաշմանդամություն ունեցող անձանց համար, մասնավորապես` հաշմանդամների մասնագիտական և աշխատանքային ունակությունների վերականգնում, աշխատավարձի փոխհատուցում գործատուին, աջակցույուն ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցմանը և այլն: Ըստ գործակալության պետի` խնդրի լուծմանը մեծապես կնպաստեն հաշմանդամների ցերեկային վերականգնողական կենտրոնների և սոցիալական ձեռնարկությունների ստեղծումը, ինչպես նաև իրազեկման աշխատանքները: Պարոն Համբարձումյանը շեշտեց, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց զբաղվածության տարածքային կենտրոններ ուղորդելու գործում մեծ անելիքներ ունեն հենց հասարակական կազմակերպությունները:

“Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին” ՄԱԿ-ի Կոնվենցիայի վավերաց ման հարցի վերաբերյալ զեկուցեց նախարարության աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ Ա. Մարտիրոսյանը: Նա նշեց, որ հարցումներ են արվել ՄԱԿ, միջազգային այլ կազմակերպություններ` ճշգրտելու Կոնվենցիայի անվան ճիշտ թարգմանությունը: Պատասխանները միանշանակ են, պետք է օգտագործել “հաշմանդամություն ունեցող անձինք” տերմինը: “ՈՒնիսոն”, “Հույսի կամուրջ” հասարակական կազմակերպությունների նախագահներ Ա. Ալավերդյանը և Ս. Թադևոսյանը հավաստեցին, որ ոլորտի ՀԿ-ները միակարծիք են նշված տերմինի վերաբերյալ:

Որոշում ընդունվեց նիստի արձանագրությունը ներկայացնել ՀՀ արտաքին գործերի նախարարություն: