2009թ. մարտի 24-ին, Երիտասարդության և համայնքների գործողությունների ծրագրի աջակցությամբ իրականացվող ՙԵրևանը 5 օրում՚ երիտասարդության քաղաքացիական կրթության ծրագրի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին նախարարության աշխատակիցներ, Հայաստանի Հանրապետության մարզերը ներկայացնող 37 երիտասարդներ, ԱՄՆ ՄԶԳ Հայաստան, Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագրի ներկայացուցիչներ:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին նախարարի տեղակալ Ֆ. Բերիկյանը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, որպես ՀՀ կառավարության քաղաքականությունը սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացնող գործադիր մարմնի հիմնական գործունեությունը, կառուցվածքը, գործառույթները, իրականացվող աշխատանքներն ու հիմնական ծրագրերը: Նա` կարևորելով երիտասարդների դերը հասարակական կյանքում եղած հրատապ խնդիրների լուծման գործընթացում, հորդորեց լինել առավել ակտիվ, նպատակային ու հետևողական:
Այնուհետև Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տնօրեն Հ. Գևորգյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններն ու իրականացվող ծրագրերը, որոնք նպատակ ունեն մասնագիտական կողմնորոշման միջոցով դպրոցականներին օգնել աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան մասնագիտության ընտրության հարցում` հաշվի առնելով իրենց նախասիրությունները և աջակցել շուկայում երիտասարդների մրցունակության բարձրացմանը, նաև զարգացնել և ձևավորել առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու համար անհրաժեշտ հմտություններ ու կարողություններ: Կենտրոնն իրականացնում է նաև մասնագիտական կողմնորոշման տեղեկատվական և խորհրդատվական ծառայություններ:
Երիտասարդների կողմից տրվեցին մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին աշխատանքի և զբաղվածության, հաշմանդամների, կանանց ու երեխաների, սեռային իրավահավասարության, թրաֆիկինգի, բազմազավակ ընտանիքների խնդիրների լուծմանը մարզերում և մայրաքաղաքում: Նրանց հետաքրքրող բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:
Home
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հյուրընկալեց ՀՀ մարզերի երիտասարդներին