2009թ. մարտին, Ժնևում, Աշխատանքի միջազգային կազմակերպության /ԱՄԿ/ գլխավոր տնօրենը կոչ է արել կնքել աշխատատեղերի վերաբերյալ Գլոբալ համաձայնագիր, որպեսզի կանխվի “տևական ու խորը” ճգնաժամը զբաղվածության ոլորտում, որը կարող է բերել գործազրկության և “աշխատող աղքատների” քանակի մեծածավալ աճի:
Այդ ուղերձը հնչել է ԱՄԿ-ի վարչական խորհրդի նստաշրջանում բարձր մակարդակով անցկացվող եռակողմ քննարկումների ավարտի ժամանակ: Վարչական խորհրդի նստաշրջանում ելույթ ունեցավ Միջազգային արժութային հիմնադրամի գործադիր տնօրեն Դոմինիկ Ստրոս-Խանը, որն իր խոսքում կարևորեց հիմնադրամի և ԱՄԿ-ի միջև համագործակցության առանցքային դերը գլոբալ տնտեսական ճգնաժամի հաղթահարման գործում:
Հանդիպման ընթացքում ելույթ ունեցան նաև Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գայ Ռայդերը, Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ալեքսանդր Շոխինը, Մեծ Բրիտանիայի հաշմանդամների, աշխատանքի ու կենսաթոշակների խնդիրներով նախարար Ջոնաթան Շոուն:
ԱՄԿ-ի գլխավոր տնօրենը ճգնաժամի հաղթահարմանն ուղղված միջազգային համագործակցությունը գնահատեց ոչ բավարար: Նա նշեց, որ “ֆինանսական, առևտրային, տնտեսական, սոցիալական և զբաղվածության ոլորտների ճգնաժամի պատճառները փոխկապակցված են, այդ պատճառով էլ պետք է նույն կերպ էլ համակարգել հակաճգնաժամային քաղաքական միջոցները”: Սրանում է կայանում ամենակարևոր ուղերձը “Մեծ քսանյակի” հանդիպման նախօրեին, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ, Լոնդոնում:
Քննարկումների հիմքում ընկած էին ԱՄԿ-ի աշխատանքային հետազոտությունների միջազգային ինստիտուտի կողմից պատրաստված “Ֆինանսական և տնտեսական ճգնաժամ. արժանապատիվ աշխատանքի ոլորտում պատասխան միջոցների կիրառումը” հետազոտության եզրակացությունները: Ժողովրդագրական կանխատեսումները ցույց են տալիս, որ 2009-2010թթ. աշխատաշուկա մտնող նոր աշխատողներին աշխատանքի տեղավորելու և շուկան աշխատատեղերի երկարատև պակասից ապահովագրելու նպատակով պետք է ստեղծվի մոտավորապես 90 միլիոն նոր աշխատատեղ: Նախորդ ֆինանսական ճգնաժամերի պատմությունը վկայում է, որ աշխատաշուկան վերականգնվում է տնտեսությունից 4-5 տարի հետո:
“Մեզ անհրաժեշտ է շատ արագ ձեռնամուխ լինել կենսունակ ձեռնարկությունների վրա հիմնված, զբաղվածության վերականգնմանը միտված ռազմավարության իրականացմանը,- հայտարարեց Խուան Սոմավիան: Եթե ձեռք չառնվեն խթանման միջոցներ, ապա աշխատատեղերի ճգնաժամը կլինի տևական և խորը, իսկ զբաղվածությունը կսկսի վերականգնվել միայն 2011թ. սկսած”:
Վերլուծվում են 32 երկրներում ճգնաժամի դեմ ձեռնարկված պայքարի միջոցները, այդ թվում` բոլոր այն պետություններում, որոնք մտնում են “Մեծ քսանյակիգ մեջ: Հեղինակները նշում են, որ չնայած այն բանին, որ միջազգային արժութային հիմնադրամը կոչ արեց ճգնաժամի դեմ պայքարում, որպես խթանման միջոցներ, տրամադրել համախառն ներքին արդյունքի 2 տոկոսը, այդ նպատակների համար առանձնացված է համախառն ներքին արդյունքի շուրջ 1.7 տոկոսը: Բացի դրանից, հեղինակները նշում են, որ զարգացած երկրներում խթանման միջոցները կազմում են համախառն ներքին արդյունքի 1.3 տոկոսը, որը կիսով չափ պակաս է զարգացող և շուկայական տնտեսություն ձևավորող պետությունների առանձնացրած միջոցներից:
Հեղինակներն ընդգծում են նաև այն, որ խթանման միջոցներն այժմ նկատելի չափով ապահովվում են հրատապ ֆինանսական օգնության և հարկերի իջեցման հաշվին, փոխանակ նոր աշխատատեղեր ստեղծելու և սոցիալական պաշտպանություն ապահովելու: Իրական տնտեսության բյուջետա-հարկային խթանման միջոցների փաթեթը միջին հաշվարկով հինգ անգամ քիչ է իր ծավալով, քան հրատապ ֆինանսական օգնությունը:
“Ըստ հետազոտություններում կատարված վերլուծությունների, երկրների միայն կեսն է հայտարարել աշխատաշուկայում կատարվող քայլերի մասին, իսկ դրանց տրամադրվող միջոցներն էլ շատ սահմանափակ են”,-ասում է ինստիտուտի տնօրեն Ռայմոնդ Տորեսը: Բյուջետա-հարկային միջոցների ընդհանուր փաթեթում աշխատաշուկայում կատարվող քայլերը կազմում են միջինը 9.2 տոկոս, իսկ սոցիալական քաղաքականության ոլորտում ցուցանիշը 1.8 տոկոս է:
Ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը ոչ բավարար կերպով են հաշվի առնում բիզնեսի զարգացման և որակյալ աշխատողների ներհոսքի անհրաժեշտությունը: Արդյունքում` ենթակառուցվածքների զարգացման ծախսերը ավելի շուտ կարող են բերել գնաճի, քան արտադրության կամ աշխատատեղերի քանակի աճի: Որոշ դեպքերում հարկերի կրճատումը բերում է խնայողությունների, այլ ոչ թե պահանջարկի, արտադրության ու աշխատատեղերի աճի: Երիտասարդությանն օգնություն ցուցաբերելու և այլ խոցելի խմբերին ուղղված քայլերն անբավարար են:
Բացի դրանից, ձեռնարկված միջոցներն աննշան չափով են նախատեսում գործատուների և արհմիությունների միջև սոցիալական երկխոսություն և չեն համակարգում գործողություններն ամբողջ երկրի ծավալով: Սոցիալական գործընկերների մասնակցությունը կօգնի մշակել միջոցների առավել արդյունավետ փաթեթ և վերականգնել վստահությունը:
“Գլոբալ ճգնաժամը պահանջում է գլոբալ որոշումների ընդունում”,- ընդգծեց ԱՄԿ-ի գլխավոր տնօրենը: Համակարգման բացակայությունն ի չիք է դարձնում ձեռնարկված խթանման միջոցների ընդհանուր ազդեցությունը, քանի որ յուրաքանչյուր երկիր գոյատևում է, չցանկանալով գործել ավելի շուտ, քան իր առևտրային գործընկերները և դրանով հանդերձ խորացնում է հետընթացը: Առևտրային հովանավորչությունը կզսպի համաշխարհային պահանջարկը: Աշխատավարձի դեֆլյացիան ու աշխատողների իրավունքների պաշտպանության թուլացումը կխորացնի ոչ միայն համաշխարհային տնտեսական ճնաժամը. իրադարձությունների այդպիսի զարգացումը կարող է մարդկանց կողմից ընդունվել որպես ոչ արդարացի և բերել նաև սոցիալական լարվածության աճի:
“Ձեռնարկված միջոցները շատ դեպքերում չկարողացան դիմակայել կառուցվածքային անհամաչափություններին, որոնք էլ դարձան ճգնաժամի պատճառ,-ասաց Սոմավիան: Ճգնաժամի հաղթահարման պատասխան միջոցները իրենց բնույթով չպիտի լինեն հատվածային, ժամանակավոր և այնպես հաշվարկված, որ առաջին իսկ հնարավորության դեպքում վերադառնան հին կարգերին: Տնտեսության վերականգնման, սոցիալական և աշխատաշուկայի ճգնաժամի կանխման, սոցիալական միասնականության ամրապնդման մեջ կարևորագույն դեր է խաղում Արժանապատիվ աշխատանքի ծրաիրը”:
Միավորվելով աշխատատեղերի վերաբերյալ Գլոբալ համաձայնագրի շրջանակներում, ԱՄԿ-ի եռակողմ ներկայացուցիչները` կառավարություն, գործատու, աշխատողներ, կարող են կարևոր ներդրում ունենալ գլոբալ մակարդակով քաղաքական միջոցների համակարգման գործում: Այդպիսի համաձայնագիրը կարող է արդյունավետ խոչընդոտել այն երևույթներին, որոնք օգնում են ճգնաժամի տարածմանը, մասնավորապես` ներքին պահանջարկի արագընթաց անկումը և արտաքին շուկայի հետընթացը: Համաձայնագիրը կարող էր ստեղծել ճգնաժամի առաջացմանը նպաստած հիմնական գործոնների վերացման հնարավորություններ և, միաժամանակ, ամուր հիմքեր կդներ ավելի կայուն տնտեսության ստեղծման համար:
Աշխատատեղերի վերաբերյալ Գլոբալ համաձայնագրի հարցը կլինի Աշխատանքի միջազգային գիտաժողովի նստաշրջանի ուշադրության կենտրոնում, որը տեղի կունենա հունիսին:
Home
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը /ԱՄԿ/ կոչ է անում աշխատատեղերի վերաբերյալ Գլոբալ համաձայնագրի արագ...