2009թ. ապրիլի 7-9-ը, “Կոնգրես” հյուրանոցի “Պիկասո” սրահում տեղի կունենա ծերացման հարցերին նվիրված միջազգային աշխատաժողով, որին կմասնակցեն մի շարք երկրների ներկայացուցիչներ` Բելառուս, Բուլղարիա, Վրաստան, Ղազախստան, Ղրղստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուկրաինա: Հանդիպման օրակարգում հետևյալ հարցերն են`
- արագ ծերացող հասարակությունների մարտահրավերներ,
- Հայաստանում ծերացման հիմնահարցերի վերաբերյալ քաղաքականության մշակում,
- ծերացման հիմնահարցերի վերաբերյալ ազգային քաղաքականություններ
- մասնակցային գործընթացը և դրա դերը ծերացման հարցերով մադրիդյան միջազգային գործողությունների ծրագրի ազգային մակարդակում իրականացման վերանայման և գնահատման հարցում և այլն:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի` “Բնակչության և զարգացման ռազմավարություններ” ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի կողմից ցուցաբերած ֆինանսական և տեխնիկական աջակցության շնորհիվ, 2008թ. հունիս-դեկտեմբեր ամիսներին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի աշխատակիցների կողմից իրականացվել է ՀՀ բնակչության ծերացման վերաբերյալ ընտրանքային հետազոտություն:
Հետազոտության նպատակն էր ուսումնասիրել 50 և բարձր տարիք ունեցող անձանց և նրանց ամուսինների/կանանց ընտանեկան փոխհարաբերությունները, առողջությունը, ապրելակերպը, բարեկեցությունը, զբաղվածությունը, կենսաթոշակային և ֆինանսական ապահովվածության աստիճանը: Այս տարիքի մարդիկ կազմում են ՀՀ բնակչության կարևոր այն շերտը, որը լուրջ ուշադրության և հոգածության կարիք ունի:
Ծերացման հիմնահարցերին նվիրված հետազոտության արդյունքների հիման վրա մշակվող քաղաքականությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրն ուղղված են լինելու բնակչության շարունակական կրթությունը խրախուսելուն, աշխատանքային կյանքի տևողությունը երկարացնելուն, կենսաթոշակի անցնելուց հետո տնտեսական և սոցիալական ակտիվությունը պահպանելուն, առողջ ապրելակերպ ապահովելուն:
Հետազոտության արդյունքների ամփոփմանն աջակցել է նաև ԱՄՆ ՄԶԳ Հայաստան, Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագիրը:
Աշխատաժողովում իրենց փորձը կներկայացնեն տարբերի երկրների ներկայացուցիչները, տեղի կունենան խմբային քննարկումներ:
Նախատեսված են նաև այցելություններ տարեցների խնամքի կենտրոններ: